Toshiba-ն պաշտոնապես հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքները հեռուստացույցների արտադրությամբ զբաղվող ճապոնական իր միակ գործարանում, որը Տոկիոյից հյուսիս է տեղակայված։ Այս գործարանն ընկերության՝ հեռուստացույցների արտադրությամբ զբաղվող գլխավոր օբյեկտն է՝ 1965թ. ի վեր։ Վերջին տարիներին այստեղ արտադրվել են միայն մեծ էկրաններով բարձրորակ հեռուստացույցներ։
Գործարանում արտադրությունը դադարեցվել է դեռ մարտի վերջից, այժմ ընկերությունը վերջապես որոշել է դադարեցնել հեռուստացույցների թողարկումը։
Անցած ֆինանսական տարում (ավարտվել է մարտի 31-ին) Toshiba-ն հեռուստացույցների արտադրության ոլորտում արձանագրել է մոտ 50 մլրդ յեն ($623 մլն) վնաս, ինչը պայմանավորված է հարավկորեական ընկերությունների հետ գնային մրցակցության սրմամբ։
Նշենք, որ վնասներ են կրում հեռուստացույցների արտադրության ճապոնական մյուս արտադրողները ևս, այդ թվում՝ Sony-ն, Panasonic-ը և Sharp-ը։ Hitachi-ն հեռուստացույցների արտադրությունը կդադարեցնի սեպտեմբերին։
Փորձագետների գնահատմամբ՝ Toshiba-ի հեռուստացույցների արտադրության ստորաբաժանումն ընթացիկ ֆինտարում կշարունակի մնալ վնասաբեր։
Ճապոնիայում գործարանի փակման մասին Toshiba-ի որոշումը վերլուծաբանները դրական են գնահատում ընկերության ապագայի համար։
DisplaySearch-ի տվյալների համաձայն՝ անցած տարի հեռուստացույցների համաշխարհային արտադրությունը կրճատվել է վերջին 6 տարում առաջին անգամ՝ հիմնականում պահանջարկի անկման և ԱՄՆ-ում ու Եվրոպայում ապրանքային չափազանց մեծ պահուստների պատճառով։ Բացի այդ՝ Ճապոնիայում և մի շարք այլ երկրներում դադարել են գործել հեռուստացույցների գնման պետական լրահատկացումները։ Մատակարարումները կրճատվել են 0,3%-ով՝ մինչև 247,7 մլն միավոր։
2011թ. Toshiba-ն հեղուկբյուրեղապակյա էկրաններով հեռուստացույցների արտադրության ցուցանիշով աշխարհում զբաղեցրել է 6-րդ տեղը։ 2011թ. այս շուկայում նրա մասնաբաժինը կազմել է 5,1%՝ 2010թ. 5,7%-ի համեմատ։

Civilnet










