Վարկատուների միջազգային կազմակերպությունը (WOC) կազմել է աշխարհի 50 խոշորագույն պետությունների վարկանիշը՝ ըստ 2011թ. արտաքին պարտքի ցուցանիշի։
Անցած տարի աշխարհի 50 խոշոր պետությունների արտաքին ընդհանուր պարտքը կազմել է $65 տրլն։ Ընդ որում՝ վերջին տարիներին խոշորագույն պետությունների արտաքին պարտքի մակարդակը ոչ թե նվազել, այլ աճել է։ WOC-ի փորձագետներն աճը պայմանավորում են պետական խթանումների քաղաքականությամբ՝ ներառյալ փոխառությունները ոչ ռեզիդենտներից։
Հատկանշական է, որ 2012-2013 թթ. համար Եվրահանձնաժողովը ևս ակնկալում է արտաքին պարտքի ծավալների աճ, մասնավորապես՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Պորտուգալիայում և Իռլանդիայում։
Այսպես՝ ԱՄՆ-ի արտաքին պարտքը 2011թ. հավասարվել է ՀՆԱ-ի ծավալին։ Իռլանդիայի արտաքին պարտքը 11 անգամ գերազանցել է ՀՆԱ-ն, Մեծ Բրիտանիայինը՝ հինգ անգամ, Նիդեռլանդներինը և Հոնգ Կոնգինը՝ մոտ չորս անգամ։
Այս ցուցանիշը միայն Ճապոնիայում է ցածր ՀՆԱ-ի 50% մակարդակից, սակայն սա միակ դրական հանգամանքն է այս երկրի պարտքային վարկանիշում։
Ճապոնիայի պետական պարտք (ներառյալ ներքին պարտք)/ՀՆԱ հարաբերակցությունը 226% է։ Երկիրը դեռ հաղթահարում է 2011թ. մարտի ցունամիի հետևանքները՝ ֆինանսական ներքին խթանումների միջոցով, որոնք էլ պայմանավորել են նման բարձր ցուցանիշը։
Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշով վարկանիշում Ճապոնիային հաջորդում է Հունաստանը (161%)։ 3-րդ տեղում Իտալիան է (120%), որը ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ խուսափելու Հունաստանի ճակատագրից։
2011թ. Իտալիայի ՀՆԱ-ն աճել է 7%-ով, Ֆրանսիայինը և Գերմանիայինը՝ 8% և 9% համապատասխանաբար։ Ընդհանուր առմամբ, եվրոգոտու երկրների համար 2011-ը բավական հաջող էր՝ բացառությամբ Հունաստանի (-1%), կարծում են WOC-ի փորձագետները։
Նշենք, որ Հայաստանի արտաքին պարտքը 2011թ., ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կազմել է $3,56 մլրդ, տարեկան աճը՝ 8,2%, ՀՆԱ-ի հետ հարաբերակցությունը՝ 35,2%:
Civilnet











