Պաշտոնյաները եզրակացրել են, որ Google-ը մի շարք խախտումներ է թույլ տալիս՝ չարաշահելով առցանց որոնման համաշխարհային շուկայում իր գերակա դիրքերը։ Կարգավորիչը Google-ին երկու տարբերակ է առաջարկում՝ կա´մ ինքնակամ վերացնել խախտումները, կա´մ վճարել տուգանքը, որը կարող է Google-ի տարեկան հասույթի 10%-ը կազմել։ 2011թ. կորպորացիայի եկամուտները կազմել են $37,9 մլրդ, ուստի տուգանքի չափը մոտավոր կարող է $3,8 մլրդ կազմել։
Երկար ժամանակ ռեկորդային են համարվել Microsoft-ի (ավելի քան $1 մլրդ) և Intel-ի ($1,45 մլրդ) նկատմամբ Եվրամիության սահմանած տուգանքները։
Նշենք, որ Եվրահանձնաժողովը Google-ի գործը հետաքննում էր 17 ընկերությունների բողոքների հիման վրա, այդ թվում՝ Microsoft-ի, TripAdvisor-ի և Expedia-ի։
ԵՄ հակամենաշնորհային գերատեսչությունը նշում է Google-ի մի շարք խախտումների մասին. ընկերությունը որոնման արդյունքում առավելությունը տալիս է սեփական արտադրանքին, կրկնօրինակում է մրցակից կայքերի կոնտենտը՝ առանց վերջիններիս համաձայնության, ոլորտում սահմանափակում է մրցակցությունը և այլն։
Civilnet











