Եվրամիության առաջնորդները ցանկանում են, որ Հունաստանը շարունակի մնալ եվրոգոտում՝ տնտեսական բարեփոխումները շարունակելու պայմանով։ Այսպիսի հայտարարություն է արել Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Բրյուսելում կայացած ոչ պաշտոնական գագաթաժողովից հետո։
Ռոմպեյի կարծիքով՝ Հունաստանը պետք է շարունակի «կենսականորեն անհրաժեշտ բարեփոխումները» և խթանի մասնավոր ներդրումները, որոնք պետությանը թույլ կտան հաղթահարել տնտեսական խնդիրները։ Ռոմպեյը նաև վստահ է, որ Աթենքը պետք է հարգի իր ստանձնած պարտավորությունները։ «Հուսով ենք, որ ընտրություններից հետո Հունաստանի նոր կառավարությունը հենց այս ճանապարհով կընթանա»,- նշել է եվրապաշտոնյան՝ միաժամանակ հիշեցնելով, որ 2010թ. ի վեր ԵՄ երկրները Արժույթի միջազգային հիմնադրամի հետ միասին Հունաստանին €150 մլրդ են հատկացրել։
Երեկ եվրոպական շուկաներն անկում են ապրել 2%-ով՝ պայմանավորված մտավախությամբ, թե Հունաստանը հնարավոր է՝ եվրոյից հրաժարվի։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Քեմփ Դեյվիդում կայացած Մեծ ութնյակի հանդիպմանը եվրոգոտու առաջնորդները հայտարարել էին, թե ցանկանում են, որ Հունաստանը չլքի եվրոգոտին։ Բանակցությունների արդյունքում համանման եզրահանգման են եկել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։
Civilnet











