Լրացուցիչ եկամուտը ստացվել է «կարճ վաճառքների» ռազմավարության օգնությամբ, այն է՝ արժեթղթերի անկման վրա հաշվադրույք կատարելով։ Շահույթն այս դեպքում ստացվում է նրանից, որ ներդրողն իր գործընկերոջից բաժնետոմսերի որոշակի խմբաքանակ է վերցնում (տվյալ դեպքում՝ Facebook-ից)՝ պարտավորություն ստանձնելով վերադարձնել դրանք նախատեսված ժամկետից շուտ։ Եթե այս ընթացքում արժեթղթերն արժեզրկվում են, ապա ներդրողը դրանք գնում է իջեցված գնով, այնուհետ հանձնում իր գործընկերոջը, իսկ տարբերությունն իրեն է պահում։
Սովորաբար IPO-ի կազմակերպիչ բանկերը տեղաբաշխման առաջին շաբաթների ընթացքում ձգտում են թույլ չտալ բաժնետոմսերի կտրուկ անկում։ Մինչ այդ նրանք արժեթղթերի գնման օպցիոն են ստանում նախապես սահմանված գնով. բանկերն օգտվում են դրանից բաժնետոմսերի արժևորման դեպքում՝ լրացուցիչ եկամուտ ստանալու նպատակով։ Հենց այս լրացուցիչ բաժնետոմսերով էլ Facebook-ի տեղաբաշխման կազմակերպիչները զբաղվել են «կարճ վաճառքներով»։
Հիմնական շահույթը, ինչպես գրում է Wall Street Journal-ը, կստանա Morgan Stanley բանկը՝ Facebook-ի IPO-ի հիմնական կազմակերպիչներից մեկը։ Ընդ որում՝ $100 մլն-ում ներառված չեն այն գումարները, որոնք բանկերը վաստակել են սոցցանցին տրամադրած խորհրդատվության դիմաց։
Facebook-ի IPO-ն մեկնարկել է մայիսի 18-ին։ Այս ընթացքում ներդրողներից ներգրավվել է $16 մլրդ։ Սոցցանցի բաժնետոմսերի կտրուկ արժևորում այդպես էլ տեղի չունեցավ, ինչն ակնկալում էր շուկան. մայիսի 21-ին արդեն դրանց գինը նվազեց տեղաբաշխման համար սահմանված $38-ից։ Ներկայում բաժնետոմսերը բորսայում վաճառվում են $32-ի սահմանում, իսկ ընկերության կապիտալիզացիան գնահատվում է $68 մլրդ։
Տեղաբաշխման արդյունքներից դժգոհ ներդրողներն արդեն կոլեկտիվ հայց են ներկայացրել սոցցանցի դեմ՝ IPO-ի նախաշեմին լրջագույն տեղեկատվություն թաքցնելու մեղադրանքով։
Civilnet











