Ստեղծված իրադրությունից շտապել է օգտվել Նյու Յորքի բորսան (New York Stock Exchange, NYSE), որը փորձում է իր կողմը գրավել Facebook-ին։
Լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ NYSE-ն Facebook-ին է դիմել ցուցակումը Nasdaq-ից իր մոտ տեղափոխելու առաջարկով։ Reuters-ի հաղորդմամբ՝ սոցցանցը քննարկում է NYSE-ի առաջարկը։
Փորձագետների կարծիքով՝ տեղաբաշխման շուրջ ծագած սկանդալը սոցցանցին կարող է հարկադրել լքել Nasdaq հարթակը։ Բացի այդ՝ նշվում է, որ NYSE-ի ներկայացուցիչները «չափազանց ագրեսիվ» են փորձում իրենց կողմը գրավել Nasdaq-ում ցուցակված օնլայն խաղերի նախագծմամբ զբաղվող Zynga ընկերությանը։
Հիշեցնենք, որ Facebook-ի IPO-ն մեկնարկել է մայիսի 18-ին։ Այս ընթացքում ներդրողներից ներգրավվել է $16 մլրդ։ Սոցցանցի բաժնետոմսերի կտրուկ արժևորում այդպես էլ տեղի չունեցավ, ինչն ակնկալում էր շուկան. մայիսի 21-ին արդեն դրանց գինը նվազեց տեղաբաշխման համար սահմանված $38-ից։ Ներկայում բաժնետոմսերը բորսայում վաճառվում են $32-ի սահմանում, իսկ ընկերության կապիտալիզացիան գնահատվում է $68 մլրդ։
Տեղաբաշխման արդյունքներից դժգոհ ներդրողները կոլեկտիվ հայց են ներկայացրել սոցցանցի դեմ՝ IPO-ի նախաշեմին լրջագույն տեղեկատվություն թաքցնելու մեղադրանքով։
Civilnet











