Հունաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի տասը բնակչից վեցը նախընտրել է մնալ եվրոգոտու կազմում։ Գրեթե նույն թվով հարցվածներ կողմ են արտահայտվել համանման հանրաքվեի անցկացմանը։
Ամենամեծ ժողովրդականությունը եվրոն վայելում է Հունաստանում. հարցվածների 75%-ը ցանկանում է շարունակել անդամակցությունը եվրոգոտուն։
Գերմանիայում և Իտալիայում եվրոն չի ստացել այսպիսի վստահելի աջակցություն։ Երկու երկրում էլ արժույթի պահպանմանը կողմ է արտահայտվել հարցման մասնակիցների 57%-ը։
«Չնայած այս հանգուցային երկրների միջև վեճերին և խառնաշփոթին՝ կարելի է եզրակացնել, որ դրանց բնակիչները ցանկանում են պահել եվրոն, - ասել է Ipsos-ի՝ հասարակայնության հետ կապերի գծով միջազգային բաժնի ավագ փոխնախագահ Ջոն Ռայտը։ - Կարծում եմ, որ սա դրական ազդանշան է հենց եվրոյի համար։ Մարդիկ դեռ պատրաստ չեն հրաժարվել արժույթից»։
Հատկանշական է, որ եվրոյի կիրառելիության հարցում ամենաշատ կասկածներն ունեն գերմանացիները. համանման հանրաքվեի անցկացմանը կողմ է արտահայտվել հարցված գերմանացիների 70%-ը։
Մյուս կողմից՝ չնայած եվրոպացիների՝ եվրոյի հանդեպ ունեցած սիրուց, արժույթը շարունակում է արժեզրկվել։ Շաբաթվա սկզբից ի վեր՝ դոլարի նկատմամբ նրա անկումը կազմել է 2%։
Civilnet











