Moody's-ը նշում է, որ սկանդինավյան այս բանկերը չափազանց շատ են կախված ֆինանսավորման շուկայից, ինչպես նաև մանրածախ վարկերի ոլորտում գտնվում են խիստ մրցակցության և եվրոգոտու պարտքային ճգնաժամի ազդեցության ներքո։ Nordea-ի և Handelsbanken-ի վարկանիշներն իջեցվել են մեկ աստիճանով՝ Aa2-ից մինչև Aa3։ DNB խմբինը ևս իջեցվել է մեկ աստիճանով մինչև A1/C-։
Հատկանշական է, որ սկանդինավյան բանկերի վարկային վարկանիշների իջեցումը համընկել է փոխառությունների թանկացմանը, թեև փորձագետները կարծում են, որ բարձր կապիտալիզացիայի շնորհիվ շվեդական բանկերը կշարունակեն ավելի լավ գործել, քան իրենց եվրոպական գործընկերները։
Դեռ փետրվարին Moody's-ը զգուշացրել էր, որ չի բացառվում համաշխարհային 17 և եվրոպական 114 ֆինանսական ընկերությունների վարկանիշների իջեցումը։ Սկանդինավյան բանկերը Եվրոպայում ունեն կապիտալի բավարարության ամենաբարձր մակարդակը և մինչ այժմ ունեցել են ֆինանսական շուկաների անխոչընդոտ մատչում՝ Շվեդիայում ու Նորվեգիայում տնտեսական առողջ աճի և հարկային ամուր համակարգի շնորհիվ։ Սակայն եվրոգոտու պարտքային ճգնաժամի տարածումը հանգեցրել է մի շարք բանկերի և պետությունների վարկանիշների իջեցմանը։ Հիշեցնենք, որ Moody's-ն արդեն իջեցրել է իտալական և իսպանական մի շարք բանկերի վարկանիշը։

Civilnet










