Գլխավոր Լրահոս

Բեկումնային հնարավորություն գլոբալ առողջապահության համար

Բեկումնային հնարավորություն գլոբալ առողջապահության համար

Ամեն տարի միլիոնավոր մարդիկ, հատկապես աղքատ երկրներում, մահանում են հիվանդություններից, որոնք հնարավոր է կանխել և բուժել: Շատ դեպքերում կարելի է կազմակերպել կյանք փրկող դեղամիջոցների զանգվածային էժան արտադրություն, սակայն այդ դեղամիջոցները վաճառվում են այնպիսի գներով, որոնք մատչելի չեն դրանց կարիքն ունեցողներին: Եվ շատերը պարզապես մեռնում են, որովհետև բուժում և պատվաստումներ չեն ստանում, որովհետև աշխարհի արժեքավոր հետազոտություններից ու մտքից, ինչպես նաև սահմանափակ ռեսուրսներից այնքան քիչ բաժին է ընկնում աղքատների շրջանում հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը:

Իրերի այսպիսի դրությունը վկայում է այն մասին, որ տնտեսությունում և օրենսդրությունում անհապաղ շտկումներ են անհրաժեշտ: Լավ նորությունն այն է, որ այժմ փոփոխությունների հնարավորություններ կան. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) միջազգային ջանքերը խոստումնալից են, որոնք կարող են փոփոխել մտավոր սեփականության խախտման իրավական ռեժիմը, որը խոչընդոտում է էժան դեղամիջոցների զարգացումն ու արտադրությունը:

Երկու հիմնական խնդիր կա, որ սահմանափակում է դեղերի մատչելիությունը: Առաջինն այն է, որ դրանք շատ թանկ են, կամ ավելի կոնկրետ՝ դրանց համար գանձվող գումարը շատ մեծ է, չնայած այդ գինն ինքնարժեքի մասն է կազմում: Երկրորդ՝ դեղերի արտադրությունում շեշտը դրվում է շահութաբերության, այլ ոչ թե դեղերի սոցիալական նշանակությունը բարձրացնելու վրա, որը խանգարում է մարդկային բարեկեցության համար կենսական անհրաժեշտ դեղերի ստեղծման ջանքերին: Աղքատները բավարար գումար չունեն դեղերի վրա ծախսելու համար, և ներկայիս օրենսդրական կարգավորման պայմաններում դեղագործական ընկերություններն առանձնապես շահագրգռված չեն հետազոտություններ իրականացնելու այն հիվանդությունների մասով, որոնք առավելապես տարածված են աղքատների շրջանում:

Այսպես չպետք է լինի: Դեղագործական ընկերություններն ասում են, թե դեղերի բարձր գների նպատակն այն է, որ իրենք հնարավորություն ունենան գումար հատկացնել հետազոտություններին ու զարգացմանը (research and development, R&D): Սակայն, օրինակ, Միացյալ Նահանգներում գործնականում առողջապահության ոլորտի հետազոտությունների և զարգացման հիմնական ֆինանսավորողը կառավարությունն է՝ ուղղակիորեն՝ Առողջապահության դաշնային ինստիտուտների և Դաշնային գիտական հիմնադրամի միջոցով, անուղղակիորեն՝ Medicare (տարեցների բժշկական ապահովագրություն) և Medicaid (սոցիալապես խոցելի բնակչության բժշկական ապահովագրություն) ծրագրերի համար կատարվող պետական գնումների միջոցով: Նույնիսկ շուկայի այն հատվածը, որ պետական ֆինանսավորում չի ստանում, դեղերի սովորական շուկա չէ, քանի որ անհատների կողմից դեղատոմսերով ձեռք բերվող դեղերի մեծ մասի վճարումը կատարվում է ապահովագրության միջոցով:

Պետությունը առողջապահության ոլորտի հետազոտությունները ֆինանսավորում է, որովհետև դեղամիջոցների զարգացումը և էժանացումը հանրային բարիք է: Հետազոտությունների արդյունքում ստացվող գիտելիքից օգտվում են բոլորը, քանի որ այն կանխում է համաճարակները և սահմանափակում հիվանդությունների տարածման հետևանքով մարդկային և տնտեսական կորուստները: Թոմաս Ջեֆերսոնը գիտելիքը համեմատել է մոմի հետ. երբ մեկը ցանկանում է լուսավորել մյուսին, դա չի նշանակում, որ առաջինի լույսը պակասում է: Ընդհակառակը, ամեն ինչ ավելի վառ է դառնում։

Այնուամենայնիվ, Ամերիկայում և աշխարհի մեծ մասում դեղերի գները դեռ շատ բարձր են, իսկ գիտելիքի տարածումը՝ խիստ սահմանափակ: Դրա պատճառն այն է, որ ստեղծված է պատենտների համակարգ, որը նորարարներին ժամանակավոր մենաշնորհ է տալիս իրենց հնարածի նկատմամբ, ինչը նրանց դրդում է չտարածել այդ գիտելիքը, որ հանկարծ իրենց մրցակցին օգնած չլինեն:

Չնայած այս համակարգը դեղագործական ընկերություններին խրախուսում է որոշակի հետազոտություններ իրականացնելու՝ նորարարությունը դարձնելով շահութաբեր, սակայն դա նրանց հնարավորություն է տալիս նաև բարձրացնելու գները, և հետազոտություններ իրականացնելու մոտիվացիան պարտադիր չէ համընկնի սոցիալական վերադարձելիությանը: Առողջապահության ոլորտում ավելի շահութաբեր կարող է լինել հետազոտություն կատարել այսպես ասած «ինձ ևս» տիպի դեղի համար, քան թե միտքն ուղղորդել այնպիսի զարգացմանն ու հետազոտությանը, որոնք իրական փոփոխություններ կարող են բերել: Պատենտների համակարգը կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ նորարարության վրա, քանի որ թեև հետազոտության ամենակարևոր բաղադրիչը նախնական գաղափարներն են, պատենտների համակարգը հակված է պահպանել գաղտնիությունը:

Դեղերի բարձր գների և չուղղորդված հետազոտության խնդրի լուծումը կարող է լինել ներկայիս մոդելի փոխարեն պետական աջակցության պարգևատրող համակարգի ստեղծումը: Այդ համակարգի պարագայում նորարարները կպարգևատրվեն նոր գիտելիքի համար, սակայն մենաշնորհ չեն ունենա այն օգտագործելու առումով: Այդ ճանապարհով մրցակցային շուկաների ներուժը հնարավորություն կտա, որ երբ ստեղծվի որևէ դեղ, այն հնարավորինս էժան և մատչելի լինի, և չլինեն մենաշնորհի փչված գները:

Բարեբախտաբար, ԱՄՆ-ի որոշ օրենսդիրներ լուրջ հետաքրքրություն ունեն այս մոտեցման հարցում: ՄԻԱԲ/ՁԻԱՀ-ը կանխարգելելու պարգևատրող հիմնադրամի (Prize Fund for HIV/AIDS Act) մասին օրինագիծը, որ առաջ է քաշել սենատոր Բեռնի Սանդերսը, հենց այդպիսի նախաձեռնություն է: Նրա նախաձեռնած օրինագիծը կարևոր դրույթ է պարունակում, որի նպատակն է խրախուսել բաց աղբյուրներով հետազոտությունը, որը ներկայիս հետազոտությունների մոդելը գաղտնիությունից կտանի փորձի և գիտելիքի փոխանակման:

Սակայն, գլոբալ վերցրած, նորարարությունների մեր համակարգը շատ ավելի մեծ փոփոխությունների կարիք ունի: Գարնանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զեկույց հրապարակեց, որը ենթադրում է խնդրի այնպիսի լուծումներ, ինչպիսին է ԱՄՆ-ի Սենատի օրինագիծը, սակայն գլոբալ մասշտաբով:

Շատ կարևոր այդ զեկույցը, որ վերնագրված է «Հետազոտություն և զարգացում զարգացող երկրների առողջապահական խնդիրները լուծելու համար» (Research and Development to Meet Health Needs in Developing Countries) առաջարկում է համընդգրկուն մի մոտեցում, այդ թվում՝ որ կառավարությունները պարտադիր հատկացումներ անեն զարգացող երկրների առողջապահական կարիքների համար; ստեղծվի գլոբալ դիտակայան (օբսերվատորիա), որը կորոշի, թե որտեղ են կարիքներն առավել սուր: Մայիսի վերջին միջազգային հանրությունը առիթ կունենա սկսելու կյանքի կոչել այս գաղափարները Առողջապահության համաշխարհային կազմակերպության Առողջապահության համաշխարհային հավաքին, որը մոլորակով մեկ հանրային առողջության բարելավման հույսի մի պահ է:

Առողջապահական մեր համակարգի բարեփոխումը միայն տնտեսագիտության խնդիր չէ: Այն շատ առումներով կյանքի ու մահվան խնդիր է: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ հետազոտությունների և զարգացման խթանները տարանջատվեն դեղերի գներից և նպաստեն գիտական մտքի առավել մեծ տարածմանը:

Ամերիկայի մասով՝ Սանդերսի օրինագիծը կարևոր առաջընթաց է նշանավորում: Աշխարհի մասով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկները դարակազմիկ հնարավորություն են ամոքելու առողջապահության երկար տարիների անհավասարությունները, ավելի լայն առումով՝ ստեղծելու գլոբալ հանրային ապրանքների կառավարման այնպիսի մոդել, որը համահունչ կլինի գլոբալիզացիային: Մենք չենք կարող մեզ թույլ տալ բաց թողնել այս հնարավորությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում