Թերթի հաղորդմամբ՝ երկու ընտանիքներն այս ճանապարհով մտադիր են ընդլայնել իրենց համագործակցությունը և ավելի ամրապնդել բարեկամական հարաբերությունները։
Ակնկալվում է, որ Ռոտշիլդների ներդրումային ընկերությունը՝ RIT Capital Partners-ը, կգնի Ռոքֆելերներին պատկանող Rockefeller Financial Services-ի ակտիվների 37%-ը։ Գործարքի գումարը չի հրապարակվում։ Կողմերը համագործակցության շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռ երկու տարի առաջ։ Այդ ժամանակ Ռոքֆելերները Ռոտշիլդներին առաջարկել էին ձեռք բերել իրենց ընկերության մի մասը։
Սակայն գործարքի կնքումը հետաձգվել էր, քանի որ Ռոտշիլդները որոշել էին գնել Rockefeller Financial Services-ի՝ ֆրանսիական Societe Generale բանկին պատկանող ակտիվները։ Բանկը ֆինանսական խմբի ակտիվների մի մասը ձեռք էր բերել դեռ 2008թ․։
Երկու ընտանիքների «գլուխների»՝ Դեյվիդ Ռոքֆելերի և Ջեյկոբ Ռոտշիլդի գործնական հարաբերություններն ավելի քան 50 տարվա պատմություն ունեն, գրում է Financial Times։ Ներկայում առաջին գործարարը 96 տարեկան է, երկրորդը՝ 76։
Նշենք, որ Ռոքֆելերների ներդրումային խումբը 1882թ. հիմնել է Ջոն Ռոքֆելերը։ Սա մասնավոր կապիտալի կառավարման առաջին ընկերություններից մեկն էր աշխարհում, որն ակտիվ ներդրումներ էր կատարում պետական պարտատոմսերում։ Ներկայում Rockefeller Financial Services-ի ակտիվները կազմում են $35 մլրդ, իսկ վերահսկիչ փաթեթը տնօրինում է Ռոքֆելերների ընտանիքը։
Ռոտշիլդների բանկային խումբը հիմնել է Մայեր Ամշել Ռոտշիլդը 18-րդ դ. վերջին։ Նրա որդիներից Ջեյմս Ռոտշիլդը բանկ է հիմնել Փարիզում, իսկ մյուս որդին՝ Նատան Մայերը՝ Լոնդոնում։ Ներկայում նրանց ֆինանսական խումբն ամբողջ աշխարհում աշխատում է ավելի քան հազար ներդրումային բանկիրների հետ։
2012թ. ապրիլի սկզբին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ռոտշիլդների բոլոր ճյուղերը մտադիր են միավորել իրենց ակտիվները մեկ կառույցում։
Civilnet











