Գլխավոր Լրահոս

Ազգային ժողովն ու Կալիգուլայի ձին. Նվարդ Մանասյան

Ազգային ժողովն ու Կալիգուլայի ձին. Նվարդ Մանասյան

Անցյալ շաբաթ երկարատև քաղաքական լռությունից հետո Ազգային ժողովը գումարեց իր անդրանիկ նիստը: Այդ փաստը չգիտես ինչու ինձ հիշեցրեց Կալիգուլային ու Ինկիտատուսին` կայսերական ձիուն, որը դարձել էր սենատոր: Գիտեմ` կփորձեք փնտրել ձիուն մեր խորհրդարանում: Ես կլռեմ, այդ հաճույքը թողնելով ընթերցողների երևակայությանն ու ճաշակին: Ինձ համար այն անձնավորված չէ, ուղղակի մատնանշում է հանրապետության վախճանը:

Ընտրություններից մեկ օր անց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը մի շարք եվրոպական կառույցների հետ համատեղ հրապարակեց խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ սեփական դիտարկումների նախնական արդյունքներն ու եզրահանգումները: Հակառակ սպասումներին՝ ավելի շուտ դրանց բացակայության, այդ փաստաթուղթը մի շարք խորքային հաստատումներ արեց, որոնք արձանագրում են հանրապետության վախճանը: Իշխող կուսակցությունը ներկայացնող երկրի նախագահը խոստացել էր ապահովել օրինակելի ընտրությունների կազմակերպումը: ԵԱՀԿ նախնական զեկույցը արձանագրեց, որ ընտրությունները բնութագրվում էին մրցակցայնությամբ, աշխուժությամբ ու խաղաղ բնույթով: Հիրավի օրինակելի ընտրություններ, եթե չհաջորդեին զեկույցի մյուս հաստատումները, որոնք թերևս իրենց ժուժկալության մեջ ունեն խորքային իմաստային բացահայտումներ: Դիտորդները արձանագրել էին իրենց մտահոգությունները նախընտրական փուլի, ընտրողների վրա գործադրված ճնշումների, բողոքարկման մեխանիզմների անկատարության, ընտրական ցուցակների անճշտությունների ու դրանց նկատմամբ անվստահության առկայության մասին: Մտահոգել էր նաև հանրության ու քաղաքական մյուս ուժերի շրջանում վստահության պակասն առ այն, որ գործընթացը կընթանա միջազգային չափանիշներին համապատասխան: Փաստորեն «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին չհավատացին, բայց կարգախոսի հեղինակները հրաշքով ընտրվեցին:

Կարծես կայսրության անկման դատավճիռ լինի: Ամեն բան փայլուն է, բոլոր ատրիբուտները կան, միայն պակասում է ոգին ու գաղափարը: Ընտրական գործընթացը իր շքեղության մեջ անտանելի բան ունի, հիշեցնում է այդ նույն Կալիգուլայի էդիկտը, որով Հրեաստանում տաճարում պիտի տեղադրվեր իր պատկերը Յուպիտերի կերպարանքով: Տաճարը նույնն էր, ինչպես ընտրական գործընթացն այսօր, միայն թե միաստվածության փոխարեն պիտի խնկարկվեր կայսրը: Այդքանը բավարար էր, որ խռովությունները սասանեին կայսեր հենարանը, բայց ավելին, այդ ամենի արդյունքում ոչ հրեական ծագմամբ մարդկանց շրջանում էլ տարածվեց քրիստոնեությունը: Նեռոնի ժամանակ այն արդեն խարխլում էր կայսրության հիմքերը բուն Հռոմում:

Այդ օրերին հաջորդած լռության ու արհեստականորեն ստեղծված իրադարձությունների ֆոնին պետական այրերի շուրթերից հնչած աստվածաշնչյան տեքստերն ու ինքնակոչ բարոյախրատական մեկնաբանությունները այս համատեքստում ինձ հիշեցրին Պողոս առաքյալի երկրորդ թուղթն առ թեսաղոնիկեցիներ: Պողոս առաքյալի մարգարեությունը ավետում էր Կալիգուլայի ու կայսրության վախճանը. «Այն հակառակորդը հպարտացած ամէնուն վրայ, որ Աստուած կ՛ըսուի կամ կը պաշտուի, մինչև անիկա Աստծոյ տաճարին մեջ պիտի նստի և ինքզինք ցուցնէ թէ Աստուած է: Եւ հիմա դուք ինքնիրեննիդ գիտեք ինչ է ան որ կ՛արգիլէ, որպէս զի ինք իր ատենին յայտնուի: Վասն զի անօրէնութեան խորհուրդը հիմակուընէ կը զօրանայ. Բայց ան որ հիմա կ՛արգիլէ, պիտի արգիլէ` մինչև ինք մեջտեղէն վերնայ»: Շարունակությունը առաջարկում եմ կարդալ պետական գործերից դադար վերցնելու պահերին, բայց մի բան հաստատ է՝ հանրապետությունը կամ ինչպես դուք կասեիք Աստված այլևս այս տաճարում ներկա չէ ու վախճանը հավանաբար մոտ է: ԵԱՀԿ զեկույցն այդ ամենը արձանագրել էր աշխարհիկ ու տեխնիկական լեզվով:

Նվարդ Մանասյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում