Moody’s-ն իջեցրել է ավստրիական Raiffeisen Bank Internetional (RBI) բանկի առաջնային պարտքային պարտավորությունների և դեպոզիտների վարկանիշը A1-ից մինչև A2՝ «կայուն» կանխատեսմամբ։ Erste Group Bank AG-ի և UniCredit Bank Austria-ի վարկանիշներն իջեցվել է մինչև A3։ Այս բանկերի վարկանիշների կանխատեսումը «բացասական» է։
Բացի այդ՝ գործակալությունն իջեցրել է գերմանական վեց բանկերի վարկանիշը։ Moody’s-ում վարկանիշների վերանայումը պայմանավորել են Եվրոպայի պարտքային ճգնաժամի խորացմամբ և բանկերի՝ անվերադարձելի վարկերի պատճառած վնասները կրելու հնարավորությունների նվազմամբ։ Մեկ աստիճանով իջեցվել են Գերմանիայի՝ ակտիվների ծավալով երկրորդ բանկի՝ Commerzbank AG-ի, ինչպես նաև Unicredit Bank AG-ի, DekaBank Deutsche Girozentrale-ի, DZ BANK AG Deutsche Zentral-Genossenschaftsb-ի, Landesbank Baden-Wuerttemberg-ի և Norddeutsche Landesbank GZ-ի վարկանիշները։ Միաժամանակ՝ մի շարք երկրներում իջեցվել են այս բանկերի մասնաճյուղերի վարկանիշները։
«Գերմանական բանկերի վարկային վարկանիշները շարունակում են բարձր մնալ եվրոպական մյուս երկրների վարկանիշների համեմատ, քանի որ Գերմանիայում առկա է ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտքային բեռի թեթևություն, տնտեսության ընդհանուր կայունություն և գործազրկության համեմատաբար ցածր մակարդակ»,- ասված է գործակալության հաղորդագրությունում։
Նշենք, որ վարկանշային բոլոր գործողությունները կատարված են վարկանիշների վերանայման՝ 2012թ․ փետրվարի 15-ին մեկնարկած ծրագրի շրջանակում։
Civilnet











