Մոլդովան խաղողագինեգործական ոլորտի կառավարման նոր համակարգ կներդնի՝ լիազորությունների մեծ մասը հանձնելով մասնավոր հատվածին, ինչպես նաև ոլորտի ֆինանսավորման նոր մեխանիզմ կսահմանի և Խաղողի ու գինու ազգային գրասենյակ կհիմնի, որը պատասխանատու կլինի մոլդովական գինիների՝ միասնական բրենդով ներկայացման համար, հայտարարել է Մոլդովայի գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարար Վասիլի Բումակովը։
Բումակովի խոսքով՝ մոլդովական առանձին ընկերություններին բարդ է արտաքին շուկաներում իրենց արտադրանքն անհատապես ներկայացնել, այդ պատճառով կարևոր է դրանց միասնական բրենդի ստեղծումը։
Մասնավոր հատվածն ու պետությունը խաղողագործության և գինեգործության ոլորտները կֆինանսավորեն 50%-50% համամասնությամբ, նշել է Բումակովը՝ ընդգծելով, որ մի շարք երկրներում այս մեթոդը լայնորեն կիրառվում է։
Բումակովի խոսքով՝ ոլորտի բարեփոխումները կյանքի կոչելուց հետո պետությունը միայն կօգնի մասնավոր հատվածին՝ կառավարելու խաղողագինեգործական սեկտորը։ Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Մոլդովայի իշխանությունները չեղյալ էին հայտարարել գինու ակցիզային հարկը, ինչը գինեգործներին հնարավորություն է ընձեռում տարեկան մինչև $5 մլն խնայել։ Ակնկալվում է, որ այս գումարները կներդրվեն արտադրանքի որակի բարելավման գործում։
Civilnet











