Nasdaq OMX Group Inc-ը խոստացել է $40 մլն փոխհատուցում վճարել և զեղչեր սահմանել այն հաճախորդների համար, որոնք տուժել են Facebook-ի IPO-ի առաջին օրը տեղ գտած տեխնիկական խնդիրների պատճառով, հաղորդում է Reuters-ը։ Փոխհատուցման մասին այս առաջարկը սակայն մյուս բորսաների և հաճախորդների դժգոհությունն է առաջացրել, որոնք վստահեցնում են, որ իրենց վնասները շատ ավելի մեծ են, քան Nasdaq-ի առաջարկած փոխհատուցումը։ Նշենք, որ առաջիկայում բորսայի նախաձեռնությունը պետք է հաստատեն նաև կարգավորիչները։
Nasdaq-ը խոստացել է $13,7 մլն վճարել տեղաբաշխման բոլոր տուժած մասնակիցներին, մյուս մասը բորսան կփոխհատուցի մեկ տարվա ընթացքում՝ հաճախորդների ծախսերի կրճատման հաշվին։ Համանման բոնուսների առաջարկը սակայն առևտրային այլ հարթակների դժգոհությունն է առաջացրել, որոնք հայտարարել են, որ Nasdaq-ը դեմպինգի է դիմում։ Նրանց կարծիքով՝ այսպիսի միջոցառումների հետևանքով բրոքերները կնախընտրեն Nasdaq-ում ցուցակվել և բաժնետոմսերը կտեղափոխեն իրենց բորսաներից։
UBS-ը, Citigroup-ը, Knight Capital-ը և Citadel Securities-ը վստահեցնում են, որ Nasdaq-ի տեխնիկական խնդիրների պատճառով իրենց վնասները, ընդհանուր առմամբ, կազմել են մոտ $115 մլն։ Knight Capital-ը հայտարարել է, որ հիասթափված է Nasdaq-ի առաջարկած փոխահատուցման չափից։ Հատկանշական է, որ այս խոշոր ընկերություններից բացի՝ բորսան պետք է փոխհատուցի մյուսների վնասները ևս։ Այս չորս խոշոր ընկերություններն ակնկալում էին, որ Nasdaq-ը կհայտարարեր $150-200 մլն-ի փոխհատուցման մասին։
Նշենք, որ փոխհատուցում պետք է ստանան այն ներդրողները, որոնք փորձել են Facebook-ի բաժնետոմսերը գնել $42 կամ ավելի ցածր գնով, որոնց հայտերը սակայն տեխնիկական խնդիրների պատճառով չեն գրանցվել։
Civilnet










