Ավստրալիայի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հաստատել է շվեյցարական Glencore-ի կողմից կանադական Viterra ընկերության գնման գործարքը, ասված է Viterra-ի հաղորդագրությունում։ Ակնկալվում է, որ գործարքը կփակվի 2012թ․ հուլիսի վերջին։
2012թ․ մարտին Glencore International-ը Viterra-ի թողարկած և շրջանառության մեջ գտնվող բոլոր բաժնետոմսերի գնման վերաբերյալ առաջարկ էր ներկայացրել՝ մեկ բաժնետոմսի դիմաց խոստանալով 16,25 կանադական դոլար։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 6,1 մլրդ կանադական դոլար ($5,9 մլրդ)։ Glencore-ի առաջարկը միաձայն ընդունվել է Viterra-ի տնօրենների խորհրդում։ Մայիսի վերջին Viterra-ի բաժնետետերի ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել գործարքին, որը պետք է հաստատեն նաև Կանադայի իշխանությունները։
Glencore International-ը հումքային ապրանքների առևտրով զբաղվող աշխարհի խոշորագույն կորպորացիան է։ Ընկերությունը զբաղվում է մետաղների և օգտակար հանածոների, էներգակիրների, գյուղատնտեսական արտադրանքի առևտրով։ Միաժամանակ՝ Glencore-ը Եվրոպայից, ԱՊՀ-ից և Ավստրալիայից հացահատիկի առաջատար արտահանողներից մեկն է։
Կանադական Viterra Inc.-ը զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի առևտրով Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։
Civilnet











