Fitch-ը հայտարարել է, որ հնարավոր է՝ ԱՄՆ-ի սուվերեն վարկային վարկանիշը հաջորդ տարի իջեցնի։ Այս քայլին գործակալությունը կդիմի, եթե Վաշինգտոնը չկարողանա էականորեն կրճատել բյուջեի դեֆիցիտը և հարկաբյուջետային կոնսոլիդացիայի հուսալի ծրագիր հաստատել, հաղորդում է Reuters-ը։
«ԱՄՆ-ը AAA վարկանիշով միակ երկիրն է, որը դեռևս չունի հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ծրագիր, իսկ պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կարճաժամկետ հեռանկարում կաճի միայն»,- հայտարարել է Fitch-ի ներկայացուցիչը Նյու Յորքի համաժողովում։
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Fitch-ը ԱՄՆ-ի վարկանիշը «կայուն»-ից «բացասական»-ի էր վերանայել այն բանից հետո, երբ Կոնգրեսը չէր կարողացել հաստատել բյուջեի դեֆիցիտը $1,2 տրլն-ով կրճատելու ծրագիրը։
Նշենք, որ 2012թ․ 1-ին եռամսյակում ամերկյան տնտեսության աճը կազմել է 1,9%՝ նախապես հայտարարված 2,2%-ի փոխարեն։ Նախորդ եռամսյակ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճը կազմել է 3,0%։
Հատկանշական է, որ 2011թ․ օգոստոսին Standard & Poor's միջազգային վարկանշային գործակալությունն ԱՄՆ-ի վարկային վարկանիշը AAA-ից իջեցրել էր մինչև AA+՝ «բացասական» կանխատեսմամբ։ Ավելի ուշ՝ անցած տարվա նոյեմբերին, Moody's Investors Service-ը ևս ԱՄՆ-ի տնտեսությունը գնահատել էր Ааа մակարդակում՝ «բացասական» կանխատեսմամբ։
Civilnet










