EIA-ն Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) ոչ անդամ պետություններում 120 հազ. բարել/օր-ով ավելացրել է նավթի և նավթամթերքների արտադրության աճի կանխատեսումը՝ մինչև 800 հազ. բարել/օր։ Ըստ EIA-ի՝ ընթացիկ տարում այս երկրներում նավթի արդյունահանումը կկազմի մոտ 52,72 մլն բարել/օր։
ՕՊԵԿ-ի ոչ անդամ պետություններում նավթի առավել մեծ ծավալներով արդյունահանում EIA-ն կանխատեսում է Հյուսիսային Ամերիկայում։ Գործակալությունում ակնկալում են, որ ընթացիկ տարում ԱՄՆ-ում և Կանադայում նավթի արդյունահանումը կաճի 890 հազ. բարել/օր-ով, իսկ 2013թ.՝ 470 հազ. բարել/օր-ով։
EIA-ի կանխատեսմամբ՝ ոչ բավարար ներդրումների պատճառով Իրանում նավթի արդյունահանումը մինչև տարեվերջ կնվազի 850 հազ. բարել/օր-ով՝ կազմելով օրական 2,7 մլն բարել՝ համեմատ 2011թ. վերջի 3,5 մլն բարել/օր ցուցանիշի։ 2013թ. Իրանում նավթի արդյունահանումը կնվազի ևս 200 հազ. բարել/օր-ով։
ՕՊԵԿ-ը, իր հերթին, հայտարարել է, որ 2012թ. 2-րդ կիսամյակում, չնայած սեզոնային բարձր պահանջարկի, հնարավոր է նավթի արդյունահանման ցուցանիշների որոշակի «թուլացում»։ Հիշեցնենք՝ այսօր Վիեննայում նախատեսված է ՕՊԵԿ անդամ երկրների հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է նավթի արդյունահանման ծավալների քվոտաների հարցը։
Ի դեպ, ՕՊԵԿ-ի նավթային զամբյուղի գինը հունիսի 12-ին վերջին կես տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 95 $/բարել մակարդակից՝ կազմելով $94,99 մեկ բարելի դիմաց։
Civilnet










