Ընթացիկ տարվա ապրիլին Իսպանիայում արձանագրվել է բջջային կապից ռեկորդային թվով բաժանորդների անջատում՝ մոտ 380 հազ․, ասված է տեղական կարգավորչի՝ Comision del Mercado de Telecomunicaciones-ի հաշվետվությունում։ Ընդ որում՝ բջջային կապի բաժանորդների թվի կրճատումը նկատվում է փետրվարից ի վեր։ Երեք ամսում, ընդհանուր առմամբ, Իսպանիայում բջջային օպերատորները զրկվել են 650 հազ․ հաճախորդից (համեմատության համար նշենք, որ անցած տարվա միևնույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը 128 հազ․ է)։ Ամենամեծ թվով բաժանորդներից զրկվել են իսպանական Telefonica-ն և բրիտանական Vodafone-ը, որոնք վերահսկում են տեղական շուկայի 70%-ը։ Նրանց բաժանորդային կորուստները կազմել են 367 հազ․ և 189 հազ․ համապատասխանաբար։ Ավելի վաղ այս օպերատորները հաճախորդներին առաջարկում էին իրենց սակագներից օգտվելու դեպքում անվճար կամ կես գնով հեռախոս ձեռք բերել։ Ներկայում ընկերությունները հրաժարվել են այս պրակտիկայից, և բաժանորդները նախընտրում են մրցակից օպերատորների՝ Orange-ի (France Telecom) կամ Yoigo-ի ծառայություններից օգտվել։
Հատկանաշական է, որ բաժանորդային կորուստները վերաբերում են ոչ միայն բջջային, այլև ամրակցված հեռախոսակապին։ Կարգավորչի հաղորդմամբ՝ ապրիլին 32,4 հազ․ բաժանորդ դադարել է վճարել ամրակցված կապի դիմաց։ Ընդ որում՝ հիմնականում հրաժարվել են վճարել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ Իսպանիան եվրոգոտու արդեն չորրորդն երկիրն է, որ դիմել է միջազգային վարկատուների օգնությանը: Մադրիդին տրամադրվելիք վարկի հստակ չափի ու պայմանների մասին որոշումը կընդունվի անկախ փորձագետների կողմից երկրի բանկային համակարգի աուդիտից հետո:
Civilnet











