«Դրամավարկային քաղաքականությունը տնտեսական խնդիրների «բալասան» չէ,- հայտարարել է Բեռնանկեն։ -Դրամավարկային քաղաքականությունն ինքն իրեն չի լուծի մեր տնտեսական խնդիրները։ Մենք ողջունում ենք կառավարության բոլոր հատվածների, տնտեսական քաղաքականության այլ գործիչների օգնությունն ու աջակցությունը, այնպես որ ցանկացած համագործակցություն հրաշալի կլիներ»։
Միաժամանակ՝ ԴՊՀ-ն որոշել է երկարաձգել «Թվիստ» ծրագրի գործողության ժամկետը մինչև տարեվերջ։ Ծրագիրը նախատեսում է գանձապետական պարտատոմսերի պորտֆելի վերակազմակերպման՝ կարճաժամկետ պարտատոմսերը երկարաժամկետներով փոխարինելու ճանապարհով խթանել տնտեսությունը։ Ի սկզբանե նախատեսված էր, որ «Թվիստ»-ը կավարտվի ընթացիկ տարվա հունիսին։
2011թ․ հունիսից 2012թ. հունիսն ընկած ժամանակահատվածում ԴՊՀ-ն գնել է 6-ից 30 տարի մարման ժամկետ ունեցող $400 մլրդ-ի գանձապետական պարտատոմս և վաճառել նույն գումարի կարճաժամկետ (մինչև 3 տարի մարման ժամկետ ունեցող) պարտատոմս: Ակնկալվում է, որ առաջիկայում «Թվիստ»-ի ծավալը կկազմի $267 մլրդ։
Նշենք, որ «Թվիստ գործողություն» (Operation Twist) է կոչվել նաև 1961թ. Պահուստային համակարգի համանման միջոցառումը։ Ամերիկյան ֆինանսական կարգավորչի այս քայլը միտված է վարկերի տոկոսադրույքների նվազեցմանը։ ԴՊՀ-ն այսպիսով խուսափում է քանակական մեղմացման քաղաքականության երրորդ փուլից, քանի որ ֆինանսական խթանումների նախորդ երկու փուլերն արժանացել էին բազմաթիվ տնտեսագետների, ինչպես նաև հանրապետական կոնգրեսականների քննադատությանը։
Բեռնանկեն հավելել է, որ կարգավորիչը չի սպառել իրավիճակի վրա ազդելու իր կարողությունը։ «Մենք պատրաստ ենք ավելին անել։ Կարծում եմ՝ մենք պետք է շարունակենք տնտեսության իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալ, այն մասին, թե ինչ ուղով է ընթանում զարգացումը, թե ինչ է տեղի ունենում Եվրոպայում։ Կարծում եմ՝ պետք է հավելեմ, որ այսպիսի ոչ ստանդարտ ծրագրերից յուրաքանչյուրը մեծ ծախսերի և ռիսկերի է հանգեցնում, որոնք կապված են շուկայի գործունեության և ֆինանսական կայունության հետ, այնպես որ՝ կարծում եմ հեշտությամբ պետք է այս ծրագրերի մեկնարկը տալ։ Ենթադրում եմ՝ պետք է համոզմունք լինի, որ դրանք անհրաժեշտ են, սակայն եթե մենք հանգենք այդ համոզմանը, ապա կձեռնարկենք այդ լրացուցիչ քայլերը»,- ասել է Բեռնանկեն։
ԴՊՀ ղեկավարի այս հայտարարությանը հաջորդել է ամերիկյան բաժնետոմսերի բորսայական գնանշումների կտրուկ անկումը, որոնք այնուհետ աստիճանաբար վերականգնվել են։
Բեռնանկեն հաղորդել է նաև տնտեսության աճի կանխատեսումների իջեցման մասին։ 2012թ․ ՀՆԱ-ի աճի գնահատականն ապրիլյան 2,4-2,9%-ից իջեցվել է մինչև 1,9-2,4%։
«Թվիստ» ծրագրի երկարաձգման մասին որոշումը փորձագետները հիմնականում «սպասելի» են անվանել։ TD Securities-ի փորձագետ Էրիկ Գրինը կարգավորչի հայտարարությունն անվանել է «ծայրահեղ խաղաղասիրական»։ Մյուս կողմից՝ փորձագետների մի խումբ չի կիսում այս լավատեսությունը։ Նրանց համոզմամբ՝ այս որոշումը չի ազդի ներքին շուկայի վրա, իսկ Եվրոպայի ֆինանսական խնդիրները դեռ երկար ժամանակ կշարունակեն արդիական լինել։
Civilnet











