Գերմանիայում վերջին երկու տարում առաջին անգամ հարկային հավաքագրումների ծավալները կրճատվել են, գրում է գերմանական Spiegel-ը՝ վկայակոչելով երկրի ֆինանսների նախարարության 2012թ․ մայիսի հաշվետվությունը։ Հատկանշական է, որ 2010-ից ի վեր հարկային մուտքերի ծավալը Գերմանիայի գանձարան ամեն ամիս ավելացել է։
Մայիսին Գերմանիայի դաշնային և հողային հարկային ծառայությունների հավաքագրումները կազմել են €40,26 մլրդ, ինչը 4,3%-ով զիջում է 2011թ․ միևնույն ժամանակահատվածի ցուցանիշին։
Փորձագետները, ընդհանուր առմամբ, նշում են, որ հարկային հավաքագրումների աճը կրճատվել է։ 2012թ․ հունվարից ի վեր պետությունը հավաքագրել է 3,6%-ով ավելի շատ հարկ, քան անցած տարվա միևնույն ժամանակահատվածում։ Միաժամանակ՝ 2011թ․ համապատասխան ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ աճը կազմել էր 9,2%։
Գերմանիայի կառավարության փորձագետները կանխատեսում են տնտեսական աճի հետագա դանդաղում և հեռանկարում՝ նաև դրա դադարեցում, ինչը կազդի նաև հարկային հավաքագրումների ծավալների վրա։ Հատկանշական է, որ գերմանացի վերլուծաբանների կանխատեսումները համընկնում են Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկների հետ։ ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ տնտեսական աճը եվրոգոտու հանգուցային երկրներում կդանդաղի պարտքային ճգնաժամի պատճառով, ինչը մի շարք երկրներում կարող է հանգեցնել բյուջեի իրավիճակի կտրուկ վատթարացմանը։
Civilnet










