Նորաձևության Bennetton իտալական բրենդի հիմնադիր Բենետոնների ընտանիքին պատկանող Edizione ընկերությունը մտադիր է €12 մլրդ ներդնել Հռոմի օդանավակայանների արդիականացման գործում, հաղորդում է Reuters-ը։
Գործակալության հաղորդմամբ՝ ծրագրի միակ խոչընդոտը Իտալիայի մայրաքաղաքի օդանավակայանների օգտագործման սակագների հարցն է։ Ընկերությունը ցանկանում է սակագների բարձրացում՝ օդանավակայանների շահութաբերությունը բարձրացնելու նպատակով։ Սակայն Իտալիայի կառավարությունը դեռ չի հստակեցրել իր մտադրությունները։
Ծրագրված աշխատանքների՝ կյանքի կոչման դեպքում Հռոմի Ֆյումիչինոյի օդանավակայանը կարող է դասվել խոշորագույն օդակայանների թվին։ Նրա թողունակությունը կաճի ավելի քան երեք անգամ՝ տարեկան մինչև 90-100 մլն ուղևոր մինչև 2044թ․։
Ուրբաթ՝ հունիսի 22-ին, Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին պայմանավորվածություն է ձեռք բերել Ֆրանսիայի, Գերմանիայի և Իսպանիայի առաջնորդների հետ՝ ենթակառուցվածքի ֆինանսավորման համար հատուկ հիմնադրամի ստեղծման շուրջ։ Ակնկալվում է, որ նրա ծավալը կկազմի €130 մլրդ։
Նշենք, որ Բենետոնների ընտանիքը ADR կառույցի միջոցով տնօրինում է Հռոմի երկու օդանավակայան։ Վերջինս դրանք ձեռք է բերել 2000թ․ մասնավորեցման արդյունքում։
Civilnet











