Եվրամիության իշխանությունները կկարողանան «խմբագրել» եվրոգոտու այն երկրների բյուջեները, որոնց դեֆիցիտները կգերազանցեն ՀՆԱ-ի 3%-ը, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, որոնք քննարկվելու են հունիսի 28-29-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթաժողովի շրջանակում։
Պարբերականի հաղորդմամբ՝ Եվրահանձնաժողովին կառաջարկվի բյուջեի ծախսերի կրճատման հատուկ ծրագիր մշակել յուրաքանչյուր երկրի համար, որը կգերազանցի դեֆիցիտի համար սահմանված առաստաղը։
Եվրահանձնաժողովի առաջարկը խորհրդատվական բնույթ կկրի։ Միաժամանակ՝ ԵՄ իշխանությունները կկարողանան տուգանք սահմանել օրինախախտ երկրների նկատմամբ։ Բացի այդ՝ գագաթաժողովի շրջանակում ԵՄ երկրներին կառաջարկվի միմյանց հետ համաձայնեցնել պետպարտքի չափը։
Թերթի տեղեկությունների համաձայն՝ գագաթաժողովի շրջանակում կառաջարկվի նաև միասնական կարգավորիչ մարմին ստեղծել, որը կհետևի խոշոր բանկերի վարկային քաղաքականությանը։
ԵՄ 25 երկրները ստորագրել են բյուջետային պակտ, ըստ որի՝ պետությունները պետք է հետևեն «ոսկե կանոնին»․ այն է՝ միության անդամ երկրների բյուջեների դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 0,5%-ը։
Հիշեցնենք, որ պակտի ստորագրումից հրաժարվել էին Մեծ Բրիտանիան և Չեխիան։ Ներկայում համաձայնագիրը չի գործում, քանի որ այն դեռ պետք է հաստատեն տեղական խորհրդարանները։ Ակնկալվում է, որ պակտի վավերացումը մոտ մեկ տարի կտևի։ Այն երկրները, որոնք կհրաժարվեն հաստատել այն, կզրկվեն ԵՄ ֆինանսական աջակցությունից։
Civilnet










