Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը դուրս կգրեն Կոտ դ՛Իվուարի արտաքին պարտքի ավելի քան $4 մլրդ-ը, ասված է վարկային կազմակերպությունների համատեղ հայտարարությունում։
Պարտքերի դուրսգրումը հնարավոր է դարձել աֆրիկյան այս երկրին «Մեծ պետպարտք ունեցող աղքատ երկրի» (Heavily Indebted Poor Country) կարգավիճակի շնորհումից հետո։ Միջազգային վարկատուները պայմանավորվածություն են ձեռք բերել անմիջապես դուրս գրել $3,1 մլրդ-ը, ինչը կազմում է Կոտ դ՛Իվուարի արտաքին ընդհանուր պարտքի 24%-ը։ Եվս $1,3 մլրդ-ը դուրս կգրվի աֆրիկյան այս երկրի վարկատուների բազմակողմ համաձայնագրի շրջանակում։
Միաժամանակ՝ ԱՄՀ-ն և ՀԲ-ն բարեփոխումների առաջընթաց են արձանագրել Կոտ դ՛Իվուարի գյուղատնտեսության ոլորտում՝ աղքատության դեմ պայքարում և կայուն տնտեսական քաղաքականության անցկացման գործում։ Բարեփոխումների բարեհաջող ավարտը Կոտ դ՛Իվուարին հնարավորություն կտա շարունակել իր արտաքին պարտքի սպասարկումը։
Նշենք, որ «Մեծ պետպարտք ունեցող աղքատ երկրի» կարգավիճակը միջազգային վարկատուների կողմից սահմանվել է 1996թ․։ Այն թույլ է տալիս փոխառություններ տրամադրել ոչ զարգացած երկրներին, որոնք պայքարում են աղքատության դեմ։ Ներկայում ԱՄՀ-ն և ՀԲ-ն համանման կարգավիճակ են շնորհել 33 պետության, այդ թվում՝ Կոտ դ՛Իվուարին։
Civilnet











