Փոխառությունների ներկայիս բարձր արժեքի պայմաններում Իսպանիան չի կարող ինքնուրույն սպասարկել իր պարտքը, հայտարարել է երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը։
Իսպանիայի խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում Ռախոյը հայտարարել է, որ Եվրամիությունը կենսական անհրաժեշտություն ունի այնպիսի միջոցառումներ ձեռնարկելու, որոնք կվերադարձնեն շուկաների վստահությունն ու կնվազեցնեն վերաֆինանսավորման տոկոսադրույքները։
Իսպանական որոշ պարտատոմսերի տոկոսադրույքներն աճել են տարեկան մինչև 7%։ Հատկանշական է, որ սա պարտատոմսերի տոկոսադրույքների հենց այն մակարդակն է, որի դեպքում ԵՄ մյուս երկրները դիմել են արտաքին ֆինանսական աջակցության։
Հիշեցնենք, որ վաղը Բրյուսելում մեկնարկում է ԵՄ երկօրյա գագաթաժողովը, որի օրակարգում եվրոգոտու ճգնաժամի լուծման ուղիների որոնումն է։
Civilnet











