Եվրոպական կենտրոնական բանկը եվրոգոտու 50 բանկի €26,295 մլրդ-ի վարկ է տրամադրել՝ նրանց վերաֆինանսավորման նպատակով, հաղորդում է ԵԿԲ-ի մամուլի ծառայությունը։
Վարկային կազմակերպությունները պարտավորվել են գումարը վերադարձնել երեք ամսից։ Տոկոսադրույքը սահմանվել է 1%, սակայն հնարավոր է՝ իջեցվի հատուկ հանձնաժողովի որոշմամբ, որը կկայացվի հաջորդ շաբաթ։
Մայիսի վերջին ձևակերպված նախորդ տրանշի ծավալը կազմել է €25,13 մլրդ։ Այդ ժամանակ գումարին հավակնում էր 33 բանկ։ Վարկային կազմակերպությունների անունները չեն բացահայտվում։ ԵԿԲ-ում խոստովանում են, որ վերջին շաբաթների ընթացքում իրացվելիության պահանջը կտրուկ աճել է։
Բացի եռամսյա վարկերից՝ ԵԿԲ-ն տրամադրում է նաև շաբաթական վարկեր։ Դրանց ծավալը ևս ռեկորդային ցուցանիշի է հասել։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԵԿԲ-ն մեղմացրել էր եվրոգոտու բանկերի նկատմամբ գրավային պահանջները։ Արժեթղթերի ցուցակը, որոնք երաշխավորում են վարկի ստացումը, ընդլայնվել են ընդհուպ մինչև BBB- վարկանիշ ունեցողները։
Նշենք, որ ԵԿԲ-ի գլխավոր փոխառուն իսպանական բանկերն են։ Մայիսին նրանց բաժին է ընկել ԵԿԲ-ի միջոցների 82,9%-ը, որոնք հատկացվել են եվրոգոտու բանկերին։ Կարգավորիչն այս նպատակների համար նախատեսել է €347,2 մլրդ է։
Civilnet











