Եվրոպական Airbus ավիաշիանական կոնցեռը մտադիր է ԱՄՆ-ի տարածքում իր ինքնաթիռների արտադրության առաջին գործարանը կառուցել, գրում է New York Times-ը։
Պարբերականի տվյալների համաձայն՝ գործարանը կկառուցվի Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում։ Ձեռնարկությունում կատարվող ներդրումները կկազմեն մի քանի հարյուր միլիոն դոլար։ Ակնկալվում է, որ գործարանում կարտադրվի մի քանի տասնյակ Airbus A320, որոնք ընկերության ամենահայտնի ինքնաթիռներն են։
Airbus-ի ամերիկյան ծրագրերի մասին պաշտոնապես կհայտարարավի երկուշաբթի՝ հուլիսի 2-ին։
Միացյալ Նահանգների տարածքում Airbus-ի արտադրությունը կարող է զգալիորեն ազդել ավիաշինության շուկայում ուժերի դասավորվածության վրա, գրում է թերթը։ Ներկայում եվրոպական կոնցեռնին է պատկանում ԱՄՆ-ի շուկայի 20%-ը, իսկ նրա հիմնական մրցակից ամերիկյան Boeing-ին՝ մինչև 80%-ը։ ԱՄՆ-ում Airbus-ի ինքնաթիռների արտադրության դեպքում ամերիկյան ավիաընկերություններն ավելի հաճախ կկնքեն պայմանագրեր եվրոպական կոնցեռնի հետ։
Համաշխարհային մասշտաբով Airbus-ի ու Boeing-ի վաճառքի ցուցանիշները գրեթե հավասար են։ Վերջին մի քանի տարում եվրոպական կոնցեռնը մի փոքր առաջ է անցել ամերիկյան իր մրցակցից, սակայն 2012թ․ 1-ին եռամսյակի տվյալների համաձայն՝ Boeing-ը կրկին դարձել է առաջատար։
Civilnet











