Հունիսին եվրոգոտու տնտեսության նկատմամբ վստահության ինդեքսը մայիսյան 90,5 կետից նվազել է մինչև 89,9, հաղորդում է Եվրահանձնաժողովը։
Ցուցանիշն արձանագրել է իր նվազագույն մակարդակը՝ 2009թ․ հոկտեմբերից ի վեր։ Bloomberg-ի կողմից հարցված տնտեսագետներն այս ցուցանիշն ակնկալում էին 89,6 կետի մակարդակում։
Վստահության ինդեսքի ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Լատվիայում (104,6 կետ՝ մայիսյան 102,3-ի համեմատ), Էստոնիայում (102,9 կետ՝ մայիսյան 101,9-ի համեմատ) և Շվեդիայում (101,5 կետ՝ 103,2-ի համեմատ)։ Վստահության ինդեքսը շարունակում է անկում ապրել Հունաստանում (74,1 կետ՝ 76-ի համեմատ) և Կիպրոսում (-0,6 կետ՝ մինչև 74,1)։
Եվրամիության տնտեսության նկատմամբ վստահության ինդեքսը մնացել է անփոփոխ՝ 90,4 կետ։
Եվրոգոտու արդյունաբերության նկատմամբ վստահությունը նվազել է 1,3 տոկոսային կետով՝ մինչև -12,7 կետ, ԵՄ-ում՝ 0,7 տոկոսային կետով՝ մինչև -12 կետ։ Ծառայությունների ոլորտում ԵՄ-ում այս ցուցանիշը նվազել է 1,2 տոկոսային կետով, եվրոգոտում՝ 2,2 տոկոսային կետով։
Սպառողների վստահությունը ԵՄ-ում նվազել է 0,3 տոկոսային կետով՝ մինչև -19,7 կետ, եվրոգոտում՝ 0,5 տոկոսային կետով՝ մինչև -19,8։
Հիշեցնենք, որ Բրյուսելում այսօր մեկնարկում է ԵՄ երկօրյա գագաթաժողովը, որը կոչված է լուծումներ տալու եվրոգոտու ֆինանսական ճգնաժամին։
Civilnet











