Իտալիայի և Իսպանիայի առաջնորդները արգելափակել են ԵՄ տնտեսական աճի խթանման միջոցառումների փաթեթը, հաղորդում է Reuters-ը։ Փաստաթղթի ընդունումը, որ երեկ մեկնարկած ԵՄ գագաթաժողովում ընդգրկված էր «անհապաղ միջոցառումների» ցանկում, հետաձգվել է անորոշ ժամկետով։
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին և Իսպանիայի նրա գործընկեր Մարիանո Ռախոյը հրաժարվել են ստորագրել փաստաթուղթը, որը ԵՄ տնտեսության խթանման փաթեթի համար նախատեսում է հատկացնել €120 մլրդ։ Վարչապետերը հայտարարել են, թե մտադիր չեն քննարկել երկարաժամկետ նախաձեռնությունները, քանի դեռ Գերմանիան չի համաձայնել հաստատել երկու այս երկրների պարտատոմսերի եկամտաբերության նվազեցմանն ուղղված կարճաժամկետ միջոցառումները։
Փորձագետները նշում են, որ եվրոգոտում տրամադրությունները ներկայում բևեռացված են՝ «հյուսիսի» վարկատուների և «հարավի» վարկառուների միջև տարաձայնություններ բավական խորն են, թե ինչ ճանապարհով է պետք շարժվել պարտքային ճգնաժամը հաղթահարելու համար։
Այդուհանդերձ, Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե կողմերի միջև անհաղթահարելի խոչընդոտներ չկան։ «Ոչ մի արգելք չկա, մենք շարունակում ենք աշխատել ու առաջ շարժվել»,- ասել է նա։ Սակայն ավելի ուշ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է մտավախությունները, թե զարգացման երկարաժամկետ նախաձեռնությունների քննարկումը կարող է դադարեցվել։
Civilnet











