Եվրոպական կենտրոնական բանկի հիման վրա կստեղծվի բանկային վերահսկողության միասնական համակարգ, և անհրաժեշտության դեպքում բանկերն անմիջականորեն կֆինանսավորվեն եվրոպական հակաճգնաժամային ֆոնդերի միջոցների հաշվին։ Այսպիսի դրույթ է պարունակում ԵՄ Աճի և զբաղվածության պակտը, որի ընդունման շուրջ Բրյուսելում 13 ժամ տևած բանակցություններից հետո ձեռք է բերվել համաձայնություն, հաղորդում է Reuters-ը։
Մինչ այժմ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը (EFSF) միջոցները չէր կարող ուղղել անմիջապես բանկային համակարգին, այլ միայն եվրոգոտու այն երկրների պետական բյուջեին, որոնց նկատմամբ գործում է հակաճգնաժամային օգնության եվրոպական ծրագիրը։ Առաջիկայում այս հիմնադրամները՝ EFSF-ն և Ֆինանսական կայունության մեխանիզմը՝ ESM-ը, բանկերի անմիջական օգնության հնարավորություն կստանան՝ առանց համապատասխան երկիրը սնանկ ճանաչելու անհրաժեշտության։ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի խոսքով՝ այս միջոցառումները կօգնեն խզել բանկերի և պետությունների միջև իրացվելիության դեֆիցիտի «արատավոր շրջանակը»։ Գործնականում այս հնարավորությունը ավելի իրական կդառնա, երբ ԵՄ-ն ստեղծի ԵՄ Բանկերի մոնիթորինգի եվրոպական միասնական մեխանիզմը։
ԵՄ գագաթաժողովը միության անդամ երկրների ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին հանձնարարել է մշակել այս նախագիծը։ Դրա միջանկյալ տարբերակը կարող է քննարկվել հոկտեմբերին կայանալիք գագաթաժողովի շրջանակում։
Civilnet











