Կիպրոսի կառավարությունը ձեռք է բերել կղզու մեծությամբ երկրորդ բանկի՝ Cyprus Popular Bank-ի բաժնետոմսերը, գրում է MarketWatch-ը։ Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել €1,79 մլրդ-ի բաժնետոմս՝ օգնելու բանկին համապատասխանելու կապիտալի բավարարության պահանջներին։
Կիպրոսի ֆինանսների նախարարությունը հարկադրված էր Cyprus Popular Bank-ին օգնություն տրամադրել այն բանից հետո, երբ այս տարի՝ ավելի վաղ, հունական պարտատոմսերում կատարված ներդրումներից կրած վնասների հետևանքով բանկը դուրս էր գրել մոտ €2 մլրդ։
Անցած շաբաթ Կիպրոսը եվրոպական իշխանություններին տեղեկացրել էր իր որոշման մասին՝ եվրոպական կայունացնող հիմնադրամներից միջոցներ խնդրելու մասին։
Հիշեցնենք, որ Fitch միջազգային վարկանշային գործակալությունն անցած երկուշաբթի իջեցրել էր Կիպրոսի վարկանիշը մինչև BB+, ինչը ցածր է BBB- ներդրումային մակարդակից։
Այսպիսով՝ ներկայում Կիպրոսի վարկանիշը ներդրումային մակարդակից ցածր են գնահատում միջազգային վարկանշային երեք գործակալությունները՝ Moody's-ը, S&P-ն և Fitch-ը։
Նշենք, որ Կիպրոսի բանկերի ֆինանսական պահանջները ներկայում գնահատվում են €6 մլրդ։
Civilnet











