ТНК-BP ռուս-բրիտանական համատեղ ընկերությունը հայտարարել է «Հյուսիսային հոսք» գազամուղի շինարարությանը մասնակցելու հնարավորությունն ուսումնասիրելու մասին։ Համապատասխան նամակները հուլիսի 2-ին ուղղվել են բաժնետերերին՝ BP-ն և AAR-ին, ինչպես նաև գազամուղի անցկացմամբ և շահագործմամբ զբաղվող Nord Stream AG ընկերությանը, հաղորդում է Ինտերֆաքսը։
Նամակում ասված է, որ նախագիծը տեսականորեն կարող է հետաքրքրել ТНК-BP-ին՝ որպես Յամալայի հանքավայրերի գազային պաշարների մոնետիզացման մեխանիզմներից մեկը։ ТНК-BP-ի մենեջմենտը հայտարարել է Nord Stream AG-ի հետ աշխատանքային կապեր հաստատելու մտադրության մասին՝ մանրամասն վերլուծելու նախագծի հեռանկարները։
Բաժնետերերին ուղղված մյուս նամակում նշվում է, որ այն դեպքում, եթե մենեջմենտի վերլուծության արդյունքում ТНК-BP-ն հրաժարվի մասնակցել գազամուղի շինարարությանը, ապա կերաշխավորի տնօրենների խորհրդին՝ թույլատրելու նախագծին մասնակցել բրիտանական BP-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հուլիսի 2-ին, BP-ն վերանայել էր իր մտադրությունը՝ մասնակցելու «Հյուսիսային հոսք»-ի ճյուղերից մեկը մինչև Մեծ Բրիտանիա անցկացնելու նախագծին՝ ռուսական ТНК-BP-ի հետ կոնֆլիկտի պատճառով, գրել էր Financial Times-ը։
Այս նախագծի նկատմամբ իր հետաքրքրության մասին BP-ն անցած շաբաթ հայտնել էր ТНК-BP-ի ռուս բաժնետերերին՝ AAR կոնսորցիումին («Ալֆա գրուպ», Access Industries և «Ռենովա»)՝ ստանալու գործընկերների համաձայնությունը։ Սակայն AAR-ը հրաժարվել էր համաձայնել, ուստի BP-ն ևս մտադիր էր հրաժարվել «Հյուսիսային հոսք»-ի հետ կապված հետագա բոլոր բանակցություններից, քանի որ BP-ի և AAR-ի միջև գործընկերային համաձայնությունը ենթադրում է, որ կողմերը պետք է Ռուսաստանում և Ուկրանիայում բոլոր նախագծերն իրականացնեն ТНК-BP-ի միջոցով։
Նշենք, որ ավելի վաղ ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտնել էր «Հյուսիսային հոսք»-ի ևս երկու հավելյալ ճյուղի կառուցման և այդ ճյուղերից մեկը մինչև Մեծ Բրիտանիա հասցնելու մտադրության մասին։
Civilnet











