Եվրամիության հաջորդ երկիրը, որ կդիմի միջազգային վարկատուների ֆինանսական օգնությանը, Սլովենիան է։ Այս մասին են վկայում Bloomberg-ի՝ տնտեսագետների շրջանում կատարած հարցման արդյունքները։
Մինչ այժմ արտաքին ֆինանսական օգնության են դիմել Հունաստանը, Պորտուգալիան, Իռլանդիան, Իսպանիան և Կիպրոսը։ Ֆրանսիական BNP Paribas բանկի փորձագետ Միխալ Դիբուլայի խոսքով՝ Սլովենիան ինքնուրույն չի կարող փրկել երկրի բանկային հատվածը սնանկացումից։
«Եվրոգոտում պարտքային ճգնաժամի հետագա խորացումը կհանգեցնի պարտատոմսերի եկամտաբերության բարձրացմանը մինչև այն մակարդակ, որում կզգացվի Արժույթի միջազգային հիմնադրամի և ԵՄ աջակցությունը,- նշում է Capital Economics-ի փորձագետ Ուիլյամ Ջեքսոնը։ -Պարտադիր չէ, որ դա տեղի ունենա ամենամոտ ապագայում, սակայն այդ հնարավորությունը պետք չէ բացառել»։
Անցած շաբաթ Եվրահանձնաժողովը հաստատել էր Սլովենիայի խոշորագույն բանկին՝ Nova Ljubljanska Banka-ին (NLB), €382,9 մլն-ի պետական օգնության տրամադրման մասին որոշումը։
Երկրի ֆինանսների նախարար Յանեշ Շուշտերշիչը համոզված է, որ արևմտյան տնտեսագետները չափազանց շատ են ողբերգականացնում իրադրությունը։ «Կարծում եմ, որ մենք կարող ենք լուծել այս խնդիրը ներքին ֆինանսավորման միջոցով։ Չեմ կարծում, որ մենք արտաքին ֆինանսական օգնության կդիմենք, իսկ տնտեսագետները կարող են ասել այն, ինչ ցանկանում են, քանի որ ամենավերջին ակտուալ տվյալները հենց նրանց տրամադրության տակ են»,- ասել է Շուշտերշիչը։
Civilnet











