Իտալիայի կառավարությունն այս գիշեր հաստատել է հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը, որը նախատեսում է առաջիկա երեք տարում պետական ծախսերը կրճատել €26 մլրդ-ով, հաղորդում է AFP-ն։
Ակնկալվում է, որ 2012թ․ պետական բյուջեի ծախսերը կկրճատվեն €4,5 մլրդ-ով, 2013թ․՝ €10,5 մլրդ-ով, իսկ 2014թ․՝ €11 մլրդ-ով։ Վարչապետ Մարիո Մոնտիի խոսքով՝ պետական ծախսերի կրճատման մեծ մասը բաժին կընկնի առողջապահության, ինչպես նաև պետական և մունիցիպալ կառավարման ոլորտներին։
Երեք տարում Իտալիայում աշխատանքից կազատվի պետական հատվածի աշխատակիցների մոտ 10%-ը և պետական ծառայությունների ղեկավարների 20%-ը։ Կառավարությունը մտադիր է այս ճանապարհով խուսափել վաճառքներից ստացվող հարկերի դրույքաչափերի 2%-ով բարձրացումից, ինչը խորհուրդ էին տվել տնտեսագետները։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլին Իտալիայի իշխանությունները մտադիր էին պետական ծախսերը կրճատել €4,2 մլրդ-ով, սակայն հուլիսի սկզբին պարզ դարձավ, որ խնայողության այս միջոցառումները բավարար չեն։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ 2012թ․ 1-ին եռամսյակում բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 8%-ը, ինչը ռեկորդային է 2009թ․ ի վեր։
2011թ․ Իտալիայի պետական գանձարանի ծախսերը գերազանցել են եկամուտները ՀՆԱ-ի 3,9%-ի չափով։
Civilnet











