Կատարի և Ալժիրի կառավարական և գործարար շրջանները համաձայնության են եկել պողպատի արտադրությամբ զբաղվող համատեղ ձեռնարկության ստեղծման շուրջ, հաղորդում է AP-ն։
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ երկկողմ համագործակցության ընդլայնման շրջանակում Դոհան կֆինանսավորի Հյուսիսային Աֆրիկայում նոր ձեռնարկության ստեղծումը։
Պողպատաձուլական գործարանը կկառուցվի Ալժիրի Ջիջել քաղաքի մոտ։ Հաշվարկված հզորությամբ աշխատելուց հետո ձեռնարկության հնարավորությունները թույլ կտան տարեկան մինչև 5 մլն տ պողպատ ձուլել։ Գործարքի գումարը չի բացահայտվում, սակայն հայտնի է, որ Ալժիրի մասնաբաժինը կկազմի 51%, Կատարինը՝ 49%։
Հատկանշական է, որ «Արաբական գարնան» իրադարձություններից հետո Կատարն ակտիվորեն իր շահերն է առաջ տանում Հյուսիսային Աֆրիկայում։ Ներդրումների գլխավոր ոլորտը հեռահաղորդակցությունն է։ Բացի այդ՝ Դոհան արտոնյալ վարկեր է տրամադրում Մաղրիբին, օրինակ՝ ընթացիկ տարվա ապրիլին նա Թունիսին $1 մլրդ-ի համանման վարկ է տրամադրել։
Civilnet











