Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը ԱՄՆ-ի վարկային վարկանիշը պահպանել է առավելագույն ААА մակարդակում՝ վարկանիշին շնորհելով «բացասական» կանխատեսում։
Ընդ որում՝ գործակալությունը կանխատեսումը մտադիր չէ վերանայել մինչև 2013 տարեվերջ, եթե «էական անբարենպաստ իրադարձություններ» տեղի չունենան։ Երկրի վարկանիշի առաստաղն ԱՄՆ համար AAA մակարդակում է, օտարերկրյա արժույթով պարտավորությունների կարճաժամկետ վարկանիշը՝ F1+։
«ԱՄՆ-ի առավելագույն վարկային վարկանիշի պահպանման մասին որոշումը հիմնված է դիվերսիֆիկացված և հարուստ տնտեսության, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության, փոխարժեքի ու ֆինանսավորման բացառիկ ճկունության վրա, որն ամրապնդում է ամերիկյան դոլարի՝ համաշխարհային պահուստային արժույթ լինելու կարգավիճակը»,- ասված է Fitch-ի հաղորդագրությունում։
2013 և 2014 թթ. Fitch-ն ակնկալում է ԱՄՆ տնտեսության վերականգման տեմպի արագացում։ Միջնաժամկետ հեռանկարում երկրի ՀՆԱ-ն կաճի տարեկան միջինը 2,5%-ով։
Նշենք, որ վարկանիշի կանխատեսման վերանայումը ենթադրում է առաջիկա երկու տարում ԱՄՆ-ի վարկանիշի իջեցման ավելի քան 50-տոկոսանոց հնարավորություն։ Բացասական կանխատեսումը պայմանավորված է երկրում հարկային քաղաքականության, ինչպես նաև բյուջետային կոնսոլիդացիայի հարցում քաղաքական անորոշությամբ և եվրոպական պարտքային ճգնաժամով։
Հիշեցնենք՝ հունիսի սկզբին Fitch-ը սպառնում էր արդեն հաջորդ տարի դեպի նվազում վերանայել ԱՄՆ վարկանիշը, եթե Վաշինգտոնը չներկայացնի բյուջետային կոնսոլիդացիայի «համոզիչ» ծրագիր։ Այդ ժամանակ էլ Standard & Poor’s գործակալությունը վերահաստատեց երկրի վարկային վարկանիշը AA+ մակարդակում՝ պահպանելով նաև վարկանիշի «բացասական» կանխատեսումը։
Civilnet











