Չինաստանում խնայողության միջոցառումներն արդեն առաջին արդյունքներն են տալիս, սակայն ՀՆԱ-ի աճի տեմպերը դեռ չեն կայունացել, հայտարարել է վարչապետ Վեն Ցզյաբաոն։ Այս շաբաթ նախատեսված է Չինաստանի կառավարության արտահերթ նիստը, որի ընթացքում հնարավոր է՝ գործողությունների ծրագիր ընդունվի։
«Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ դեռ չի հաջողվել հասնել տնտեսության վերականգնման կայուն տեմպերի»,- ասել է Ցզյաբաոն Սիչուան կատարած այցի ընթացքում։ Ավելի վաղ նա ընդգծել էր, որ աճի տեմպերը սահմանող հիմնական գործոնները շարունակում են բարենպաստ մնալ։ China Securities Journal-ի հաղորդմամբ՝ պաշտոնական Պեկինը պատրաստում է խթանիչ միջոցառումների նոր փաթեթ՝ զսպելու աշխարհի՝ մեծությամբ երկրորդ տնտեսության աճի տեմպերը։
Ծրագրում, չինական լրատվամիջոցների հաղորդմամբ, կներառվեն բանկային վարկավորման «աշխուժացմանն» ուղղված միջոցառումներ։ Չինաստանի կառավարությունը մտադիր է զարկ տալ նոր աշխատատեղերի ստեղծմանը։ «Չինաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի՝ աշխատաշուկայի ընդլայնման նպատակով»,- ընդգծել է Ցզյաբաոն՝ հավելելով, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել շրջանավարտների աշխատանքի տեղավորման գործընթացին։
Ակնկալվում է, որ կառավարությունը հստակ քայլեր կձեռնարկի՝ ուղղված մանսավոր սեկտորի աջակցությանը։ Մասնավորապես՝ մասնավոր հատվածին արտոնյալ վարկեր կտրամադրվեն և հարկադրման սխեման կպարզեցվի։
Հատկանշական է, որ վերջին ամիսներին Չինաստանում գնաճի տեմպերը էականորեն նվազել են, ինչը իշխանությունների գործողություններին զգալի ազատություն է տվել։ Չինաստանում սպառողական գների ինդեքսը վերջին 29 ամիսների իր նվազագույն ցուցանիշն է արձանագրել։ Հունիսին սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով աճել է 2,2%-ով։ Նշենք, որ Չինաստանի Ժողովրդական բանկը հուլիսի 5-ին նվազեցրել էր վարկային և դեպոզիտային տոկոսադրույքների մակարդակը։
Ներքին պահանջարկի զարգացումը, ըստ ամենայնի, կդառնա Չինաստանի տնտեսության գերակա ուղղություններից մեկը։ Իրացման եվրոպական շուկան, որին բաժին է ընկնում արտահանման ընդհանուր ծավալի մոտ 30%-ը, դադարել է աճել։ Հունիսին արտահանման ծավալները տարեկան կտրվածքով աճել են ընդամենը 11,3%-ով։ Չինաստանի իշխանությունները մտադիր են ընթացիկ տարում արտահանումն ավելացնել 10%-ով, եթե եվրոգոտում տնտեսական իրադրությունը չշարունակի վատթարանալ։
Civilnet











