2012թ. հունիս-հուլիսին ԱՄՆ-ի տնտեսությունը շարունակել է վերականգնվել՝ չնայած շրջաններից ստացվող տագնապի ազդանշաններին, ասված է Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) հերթական զեկույցում, որը, ըստ կազմի գույնի, կոչվում է «Բեժ գիրք» (Beige Book)։
Այսպես, նոր «Բեժ գրքի» համաձայն՝ հունիսին և հուլիսի սկզբին ԱՄՆ-ում արտադրությունն աճել է «զուսպ կամ չափավոր» տեմպերով։ Միաժամանակ՝ դանդաղորեն նվազել է գործազրկության մակարդակը։ Նյու Յորքից, Ֆիլադելֆիայից և Քլիվլենդից տեղեկություններ են ստացվել տնտեսության աճի դանդաղման մասին։ Ռիչմոնդի գործարար ակտիվության մասին տեղեկությունները հակասական են։ Ատլանտայի, Սենտ Լուիսի, Սան Ֆրանցիսկոյի, Բոստոնի, Չիկագոյի, Մինեապոլիսի, Կանզասի և Դալասի տնտեսություններն աճում են դանդաղ, բայց համաչափ։ Նախորդ զեկույցի համեմատ փոփոխությունները կարծես թե շատ չեն, թեև նախորդի համաձայն՝ ԱՄՆ-ի 12 շրջաններից միայն մեկում էր աճը դանդաղել, մինչդեռ մյուսներում աճը կայուն էր։
Հատկանշական է, որ ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (FOMC) տնտեսական խթանիչ նոր միջոցառումների գործարկման ժամանակ մեծապես հիմնվում է հենց «Բեժ գրքի» տվյալների վրա։ Փորձագետները միակարծիք են այն հարցում, որ նոր «Բեժ գիրքը» ԴՊՀ-ին կհարկադրի խթանիչ նոր միջոցառումներ ձեռնարկել, այն է՝ կյանքի կոչել քանակական մեղմացման քաղաքականության երրորդ փուլը (QE3)։
Չնայած զեկույցի ընդհանուր «հանգիստ» տոնին՝ «Բեժ գիրքը» հաստատում է ԴՊՀ ղեկավար Բեն Բեռնանկեի մտավախությունները։ Վերջինս զգուշացնում էր, որ ընթացիկ պայմաններում աշխատաշուկայի վերականգնումը կարող է ծայրաստիճան դանդաղել։ Հաշվի առնելով այն, որ զեկույցում նշվում է նաև գործարար ակտիվության անկման և տնտեսության աճի դանդաղման մասին, QE3-ից խուսափել չի լինի, համոզված են փորձագետները։ Այս ամենն ավելի ակնհայտ է դառնում դեֆլյացիայի սպառնալիքի ֆոնին․ գների վրա ազդում է նավթի գնանշումների անկումը։
Բեռնանկեն անձամբ հաստատել է գնաճի դանդաղման մասին տեղեկատվությունը։ ԴՊՀ ղեկավարի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում գները կաճեն ավելի դանդաղ, քան կցանկանար կարգավորիչը։ Գնաճի նպատակային ցուցանիշը 2% է։ Ներկայում կանխատեսումը վերանայման փուլում է, ըստ որի՝ գնաճը կտատանվի 1,2-1,7%-ի մակարդակում։
Մյուս կողմից՝ նոր «Բեժ գրքի» դրական կետերի թվում կարելի է առանձնացնել չիրացված անշարժ գույքի ծավալների անկումը և շինարարության ոլորտում գործարար ակտիվության աճը։ Բացի այդ՝ աճել են արտադրական սարքավորումների վարձալության ծավալները, ինչը վկայում է արտադրության որոշակի աճի մասին։
Նշենք, որ FOMC-ի երկօրյա նիստի բացումը նախատեսված է հուլիսի 31-ին։
Civilnet











