Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մշակել է կորպորատիվ էթիկայի սեփական կոդեքսը: Այս մասին հաղորդում է ռուսական «Վեդոմոստի» պարբերականը՝ վկայակոչելով ընկերության տնօրենների խորհրդի` իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը:
Կոդեքսը բոլոր աշխատակիցների համար պարտադիր կատարման բնույթ կունենա, և «Գազպրոմի» ստորաբաժանման ղեկավարները կոդեքսին հետևելու պարտավորությունների վերաբերյալ փաստաթուղթ կստորագրեն: Կոդեքսը կառաջարկվի կիրառել նաև «Գազպրոմի» դուստր, ինչպես նաև այն ընկերություններին, որոնց հիմնարար կապիտալում գազային հսկան բաժնեմաս ունի:
Կոդեքսում նշվում է, որ ընկերությունում անընդունելի են կաշառակերությունը , պետական ծառայողների հարազատներին աշխատանքի տեղավորելը (բացառություն է արվել միայն «աշխատավոր դինաստիայի» համար, որոնց անդամները ղեկավար պաշտոններ չեն զբաղեցնում), պաշտոնյաների հարցմամբ բարեգործական կամ հովանավորչական օգնությունը : Փաստաթղթում նշվում է, որ «Գազպրոմը» չի մասնակցում քաղաքական գործունեությանը և չի ֆինանսավորում քաղաքական կազմակերպություններ:
Գազային ընկերության աշխատակիցներին արգելվում է նաև մրցակից ընկերություններում բաժնեմասեր ունենալը կամ այդ ընկերություններում առանց «Գազպրոմի» թույլտվության ղեկավար պաշտոններ զբաղեցնելը: «Գազպրոմի» աշխատակիցները ընկերության գործընկերների նկատմամբ, որտեղ աշխատում են իրենց հարազատները, չեն կարող «գաղտնի նախընտրություններ» ունենալ: «Գազպրոմի» ակիտիվները և ռեսուրսները թույլ է տրվում օգտագործել միայն աշխատանքային նպատակներով: Ընկերության աշխատակիցներին արգելվում է նաև այս կամ այն գործողության դիմաց նվերների ընդունումը:
Ակնկալվում է, որ կոդեքսին հետևելու հետ կապված հարցերը կկարգավորվի 5 հոգուց կազմված էթիկայի հանձնաժողովը:
«Գազպրոմը» վառելիքա-էներգետիկ խոշոր ընկերությունների շրջանում վերջիններից մեկն է, որ ընդունում է էթիկայի կոդեքսը: Ներկայում այսպիսի փաստաթուղթ չունի միայն «Սուրգութնեֆտեգազը»: Ֆինանսական շուկաների դաշնային հանձնաժողովը նման կոդեքսի ընդունման անհրաժեշտության մասին որոշում կայացրել է դեռ 10 տարի առաջ:
Նշենք, որ Հայաստան գազի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 80% (աղբյուր՝ «Հայռուսգազարդի» պաշտոնական կայք) պատկանում է «Գազպրոմին»։ Հետևաբար, չի բացառվում, որ նորամուծությունը կկիրառվի նաև Հայաստանում։
Civilnet











