Հունաստանի՝ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում եվրոգոտին լքելու հավանականությունը 90% է: Այսպիսի եզրակացություն է պարունակում ամերիկյան Citigroup բանկի փորձագետների զեկույցը, հաղորդում է Reuters-ը:
Բանկի փորձագետները վերանայել են նաև Հունաստանի՝առաջիկա 2-3 եռամսյակում եվրոգոտին լքելու հավանակությունը՝ այն բարձրացնելով 50%-ից մինչև 75%: Նրանց կարծիքով՝ մեծ է հավանականությունը, որ արդեն 2013թ. հունվարի 1-ին Հունաստանը եվրոգոտու կազմում չի լինի:
Ըստ Citigroup-ի՝ սա կարող է պայմանավորված լինել երկարատև ռեցեսիայով և արտաքին պարտքի մեծացմամբ:
«Նախքան հունիսին Հունաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը միջազգային դոնորները համբերություն էին դրսևորում՝ ակնկալելով, որ նոր կառավարությունը կկարողանա իրականացնել նախապես ծրագրած խնայողությունների միջոցառումները: Սակայն այժմ ակնհայտ է, որ այդ հույսերը չեն արդարացվել», -նշել է Citigroup-ի Արևմտյան Եվրոպայի գծով գլխավոր տնտեսագետ Մայքլ Սոնդերսը:
Ներկայում միջազգային վարկատուների «եռյակի»՝ Եվրամիության, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը Հունաստանում է: Վերջին օրերի մի շարք տեղեկությունների համաձայն՝ Հունաստանը չի կարողանա իրականացնել կառուցվածքային բարեփոխումների և պարտքի մարման պարտավորությունները:
Մի շարք գնահատականների համաձայն՝ 2012թ. Հունաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 7%-ով, այլ ոչ 5%-ով, ինչպես կանխատեսվել էր ավելի վաղ:
Բանկի փորձագետները նշում են նաև, որ վերջին չորս ամսում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Հունաստանում որևէ քայլ չի կատարվել:
Civilnet











