2009թ. BRIC երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) աշխարհն արդյունավետ դուրս են բերել մեծ դեպրեսիայից, սակայն քիչ հավանական է, որ նույնը կկարողանան անել նաև այժմ, եթե կրկնվի սպառնալիքը, պնդում են բրիտանական HSBC բանկի փորձագետները։ Եվրոպան ռեցեսիայի շեմին է, տեղում դոփում է ԱՄՆ տնտեսության վերականգնումը, Բրազիլիայում և Հնդկաստանում աճի կտրուկ դանդաղումն արդեն իրականություն է, տեմպը կորցնում են նաև Չինաստանն ու Ռուսաստանը։ BRIC երկրներին հազիվ թե կոշտ վայրէջք է սպառնում, սակայն նրանք այլևս համաշխարհային տնտեսության աճի հիմնական շարժիչները չեն, եզրակացնում են բանկի մասնագետները։
Չինաստանում տեմպի դանդաղումը գերազանցել է սպասումները՝ ներքին և արտաքին պահանջարկի կրճատման պատճառով։ Առաջին կիսամյակում արտահանումն աճել է ընդամենը 9,2%-ով՝ համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20%-ի։ Զգացնել է տալիս արևմտյան տնտեսությունների դանդաղումը։ Ներքին պահանջարկը գտնվում է իշխանությունների՝ գնաճի զսպման ագրեսիվ քաղաքականության ճնշման տակ։ Ընկերությունների շահույթների կրճատումը սահմանափակում է ներդրումներն ու աշխատատեղերը, ինչն անդրադառնում է նաև սպառման վրա։ Երրորդ եռամսյակը չինական տնտեսության համար, ամենայն հավանականությամբ, այս ցիկլի հատակը կլինի, ինչից հետո աճը կարող է արագանալ՝ առաջին կիսամյակի 7,6%-ից մինչև 8,4% տարեվերջին, ակնկալում են HSBC-ի մասնագետները։ Համեմատության համար նշենք, որ 2010թ. Չինաստանում արձանագրվել է 10,4% տնտեսական աճ։
Ի տարբերություն Չինաստանի, Հնդկաստանում սահմանափակ են մակրոտնտեսական քաղաքականության մեղմման և ներքին պահանջարկի խթանման հնարավորությունները. 2008-2009 թթ. մասշտաբային խթանումները էականորեն ավելացրել են պետբյուջեի դեֆիցիտը, պետպարտքը կազմում է ՀՆԱ-ի 72%-ը։ Հնդկական տնտեսության աճն առաջին կիսամյակում նվազագույնն է եղել վերջին ինը տարիների ընթացքում (2012թ. համար կանխատեսումը 5,9% է)։
Ընթացիկ տարում Բրազիլիայում ՀՆԱ-ն կաճի ընդամենը 2,5%-ով, ինչը 2,5 անգամ զիջում է մինչճգնաժամային 2007թ. ցուցանիշը, չնայած բրազիլական իշխանությունները BRIC երկրների շարքում միակն էին, որոնք կրկնել են 2008-2009 թթ. հակաճգնաժամային միջոցառումները։ Դանդաղման պատճառը հիմնականում ներքին խնդիրներն են։ Նախորդ տարիների արագ աճը պայմանավորված էր սպառողական պահանջարկով, միջին խավի ընդլայնմամբ և վարկավորման լայն մասշտաբներով։ Աշխատաշուկայի պահուստների սպառումն ու աշխատավարձային ծախքերը վերածվում են մրցունակության կրճատման հիմնական գործոնների։
Ռուսաստանի համար, ի տարբերության BRIC մյուս երկրների, գլխավոր ռիսկը գալիս է արտաքին շուկաներից՝ նավթի ցածր գնի տեսքով։ Էներգակրի գների նվազումը ամենայն հավանականության կհանգեցնի սպառողական պահանջարկի դանդաղման՝ երկիրը ընթացիկ տարում դուրս բերելով տնտեսական աճի 2,5-3%-ի տիրույթ։ Աճի տեմպի արագացման համար, ըստ բանկի փորձագետների, անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ՝ գործարար միջավայրի բարելավում, կոռուպցիայի մակարդակի կրճատում։
BRIC երկրների նվազող դերի մասին հնարավոր կլիներ խոսել այն դեպքում, եթե հայտնվեր նոր առաջատար՝ ավելի խոշոր և ավելի արագ զարգացող, գործընկերների հետ չեն համաձայնել BNP Paribas բանկի փորձագետները։ Եթե անգամ տնտեսական աճը BRIC-ում 2012-ին կազմի 6%, ցուցանիշը միևնույն է, բարձր է համաշխարհային միջինից։
Civilnet











