Համաշխարհային բանկը հուլիսյան բյուլետենում մտահոգություն է հայտնել պարենամթերքի աճող գների և պարենամթերքի համաշխարհային շուկաների տատանողականություն շուրջ։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների մասով բյուլետենում նշվում է. «Համաշխարհային շուկաների վրա ԱՄՆ-ում երաշտի ազդեցությունը խորանում է այլ երկրներում եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով։ Եվրոպական երկրներում չդադարող անձրևները խնդիրներ են ստեղծում հացահատիկային մշակաբույսերի համար։ Ցորենի ցանքատարածքներն անձրևների բացակայության պատճառով խիստ տուժել են Ռուսաստանում, Ուկրաինայում և Ղազախստանում»։
Նշենք, որ ԱՄՆ-ում երաշտի պատճառով ցորենի, եգիպտացորենի և սոյայի համաշխարհային գները հուլիսի սկզբին արձանագրել են վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշները։ Բացի այդ՝ ըստ Ռուսաստանի ցորեն արտադրողների ազգային միության՝ ընթացիկ տարում Ռուասատանում ցորենի բերքը 80 մլն տ-ից պակաս կլինի՝ 2011-ի 94,2 մլն տ-ի դիմաց։ Հունիսին Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսել էր, որ 2012-ին երկրում ցորենի բերքը կկազմի 85 մլն տ:
Civilnet











