2012թ. հունիսին եվրոգոտում գործազրկության մակարդակը կազմել է 11,2%, ինչը ռեկորդային է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ժամանակահատվածի համար, փաստում է Եվրամիության վիճակագրական ծառայությունը (Եվրաստատ)։
Bloomberg-ի հաղորդմամբ՝ մայիսին եվրոգոտում գործազրկության մակարդակը կազմել է 11,2%, գործազուրկների թիվն ավելացել է 128 հազ-ով և հասել 17,8 մլն-ի: Ի դեպ՝ Եվրաստատը ցուցանիշը հաշվարկում է 1995-ից։
Ներկայում արժութային միության երկրների շարքում ցուցանիշով առաջատարը Իսպանիան է, գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Ավստրիայում (4,5%) և Նիդեռլանդներում (5,1%):
Անցյալ շաբաթ BBC-ն հաղորդել էր, որ Իսպանիայում գործազուրկների թիվն ամենաբարձր մակարդակներում է 70-ականներից ի վեր։ Եվրոպական այս երկրում գործազուրկների ընդհանուր թիվը 5,7 մլն է, ինչը երկրի աշխատունակ բնակչության 24,6%-ն է։
Հունիսին Իտալիայում գործազրկության մակարդակը կազմել է 10,8%, ինչը նույնպես ռեկորդային է 1999-ից ի վեր: Գործազուրկների ամենամեծ տոկոսը գրանցվել է 15-24 տարեկան երիտասարդների շրջանում. տարիքային այս խմբում գործազուրկ է 34,3%-ը:
Հուլիսի 31-ին հրապարակվել են նաև Գերմանիայում գործազրկության մակարդակի վերաբերյալ տվյալները: ԳԴՀ-ում ցուցանիշը 6,8% է, և անփոփոխ է մնացել անցյալ ամսվա հետ համեմատ: Երկրում գործազուրկների ընդհանուր թիվը 2,89 մլն է:
Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) փորձագետների՝ եվրոգոտում աշխատատեղերի կրճատումը պայմանավորված է բյուջետային խնայողության քաղաքականությամբ, ինչը բացասաբար է անդրադառնում տարածագոտու տնտեսական աճի վրա: ԱՄԿ-ի կանխատեսմամբ՝ եթե եվրոգոտու կառավարությունները մոտ ապագայում տնտեսությունների խթանման ուղղությամբ քայլեր չձեռնարկեն, եվրոգոտում գործազուրկների թիվն առաջիկա չորս տարվա ընթացքում կհասնի 22 մլն-ի:
Civilnet











