ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները Եվրամիությանը կոչ է արել ավելի ակտիվ պայքարել պարտքային ճգնաժամի դեմ, հաղորդում է Reuters-ը։ Նրա խոսքով՝ ճգնաժամը հաղթահարելու համար եվրոպական պետությունները պետք է ոչ ստանդարտ մոտեցումներ կիրառեն և ավելի շատ ջանքեր ներդնեն։
«Ճգնաժամը հաղթահարելու համար նրանք (պետությունները - խմբ.) ավելի ակտիվ և կոշտ քաղաքականություն պետք է վարեն, նրանք պետք է ոչ ստանդարտ միջոցներ կիրառեն՝ ֆինանսական ճնշումները նվազեցնելու համար՝ առանց խոչընդոտելու տնտեսական աճը»,- հայտարարել է Գայթները եվրոպական պետություններում շրջագայությունից հետո։
«Եթե Եվրոպային թողնենք ապրել վախի մեջ ու կործանման եզրին, առաջարկվող բարեփոխումները չեն աշխատի»,- նշել է նախարարը։ Ըստ Գայթների՝ ԵՄ-ն ճգնաժամը հաղթահարելու անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն ունի, թեև տնտեսական և ֆինանսական բարեփոխումները դեռ որոշ ժամանակ կպահանջեն։
Նշենք, որ ԵՄ մի շարք առաջնորդներ ու բարձրաստիճան պաշտոնյաներն անցյալ շաբաթ վերահաստատել են, որ հնարավոր ամեն ինչ անելու են եվրոգոտին փրկելու համար։
Civilnet











