Ըստ գործակալության՝ Գերմանիան ժամանակակից, դիվերսիֆիկացված և մրցունակ տնտեսություն ունի։
Standard & Poor's միջազգային վարկանշային գործակալությունը Գերմանիայի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը վերահաստատել է AAA, կարճաժամկետ վարկանիշը՝ A-1+ մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ, նշվում է գործակալության տարածած հաղորդագրությունում։
«Գերմանիան ունի ժամանակակից, դիվերսիֆիկացված և մրցունակ տնտեսություն՝ արտաքին խոշոր վարկատուի կարգավիճակով, և վարում է զգույշ ֆինանսական քաղաքականություն»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Ըստ S&P-ի՝ արտահանման և ներդրումների ծավալների աճը թույլ է տալիս Գերմանիային ապահովել առևտրային ու վճարային հաշվեկշիռների պրոֆիցիտային ցուցանիշներ, և բյուջետային կոնսոլիդացիայի կարիք չի զգացվում։ Այդուհանդերձ, սպառողական պահանջարկը հնարավոր է վերականգնել միայն մի քանի տարվա ընթացքում, քանի որ սպառողների տրամադրության վրա շարունակում է ազդել եվրոգոտու պարտքային ճգնաժամը։
Անցած շաբաթվա ընթացքում հայտնի դարձավ, որ Գերմանիայի Գործարար ակտիվության ինդեքսը երկարատև ճգնաժամի ֆոնին վերջին երկու տարիների նվազագույն մակարդակն է արձանագրել։
Նշենք, որ անցած երկուշաբթի Moody's միջազգային վարկանշային գործակալությունը Գերմանիայի վարկանիշի կանխատեսումը վերանայել է «բացասականի»։ Իր որոշումը Moody's-ը բացատրել է մի քանի պատճառով՝ եվրոգոտում երկարատև ճգնաժամի արդյունքում անորոշության աճ, Հունաստանի՝ եվրոգոտուց դուրս գալու մեծ հավանականություն, ֆինանսական պարտավորությունների ծավալների աճ, եվրոգոտու խնդրահարույց երկրներին ֆինասնավորող գերմանական բանկերի աճող ռիսկեր։
Ըստ միջազգային Fitch գործակալության՝ Գերմանիայի վարկային վարկանիշն առավելագույն AAA մակարդակում է։
Civilnet











