Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck
Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին խոսքը կիսատ և համատեքստից կտրված է ներկայացվում։ News.am կայքը, հղում անելով ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը, մեջբերել է Ֆրանցիսկոսի հետևյալ խոսքը․ «Այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը որոշակիորեն թուլացել է, քանի որ Ռուսաստանը հանդես է եկել որպես երաշխավոր»։
ՏԱՍՍ գործակալությունը «Հռոմի պապը տեսնում է Ռուսաստանի վաստակը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման գործում» վերտառությամբ հոդվածում մեջբերել է սեպտեմբերի 15-ին Ղազախստանից Հռոմ վերադարձի ճանապարհին՝ օդանավում, լրագրողների հետ զրույցից մի հատված։ ՏԱՍՍ-ը գրել է, որ Ֆրանցիսկոսը կարծում է՝ «Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում վերջին օրերին սրված իրավիճակը լուծվել է Ռուսաստանի շնորհիվ»։
Իրականում, սակայն, Հռոմի պապի ամբողջական խոսքում կան որոշ նրբություններ, և ՏԱՍՍ-ը նրա խոսքից հատված է դուրս թողել։
Վատիկանի պաշտոնական լրատվական՝ vaticannews.va կայքում ներկայացված է Ֆրանցիսկոսի ամբողջական խոսքը։ Խաղաղության մասին հարցին պատասխանելիս նա ասել է. «Այսօր ամենը խոսում է խաղաղության մասին. այսքան տարի, յոթանասուն տարի ՄԱԿ-ը խոսում է խաղաղության մասին, նրանք այնքան ելույթներ են ունենում խաղաղության մասին։ Բայց հենց հիմա քանի՞ պատերազմ է ընթանում: Ձեր նշածը՝ Ուկրաինա-Ռուսաստան, հիմա Ադրբեջան և Հայաստան, որը որոշ ժամանակ կանգ էր առել, որովհետև Ռուսաստանը հանդես եկավ որպես երաշխավոր։ Այստեղ խաղաղության երաշխավոր է, այնտեղ պատերազմ է անում...»։
Համատեքստից պարզ է դառնում, որ Ֆրանցիսկոս պապը ավելի շուտ նկատի է ունեցել 2020-ի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարը, այլ ոչ թե ընթացող ռազմական գործողությունները և վերջին հրադադարը։
Հատկանշական է նաև, որ ՏԱՍՍ-ը դուրս է թողել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից «պատերազմ անելու» մասին հատվածը։
CivilNetCheck
Civilnet











