Ավստրալիայի գերագույն դատարանը հաստատել է երկրի տարածքում բրենդային ծխախոտային տուփերի վաճառքի արգելքը, հաղորդում է Reuters-ը։
Միջազգային ծխախոտային ընկերությունները, ինչպիսք են British American Tobacco-ն, Britain's Imperial Tobacco-ն, Philip Morris-ը և Japan Tobacco-ն, փորձում էին դատարանի միջոցով ապացուցել, որ ավստրալական օրենքը, որը պարտավորեցնում է երկրի տարածքում բոլոր ծխախոտները վաճառել ստանդարտ տուփերով, խախտում է իրենց մտավոր սեփականության իրավունքը և ոչ սահմանադրական է։ Գերագույն դատարանը, քննելով ընկերությունների ներկայացրած հայցերը, օրենքում խախտումներ չի հայտնաբերել։
Խոսքը 2012թ․ դեկտեմբերից ուժի մեջ մտնող օրենքի մասին է, ըստ որի՝ Ավստրալիայում բոլոր ծխախոտները վաճառվելու են միանման տուփերով՝ առանց արտադրողի բրենդը նշելու․ ծխախոտի տուփին պատկերվելու է ծխելու վնասը մատնանշող նկար։
Ավստրալական հակածխախոտային օրենքը ներկայում ամենախիստն է աշխարհում։ Իրենց երկրների տարածքում համանման սահմանափակումներ մտցնելու մասին արդեն հայտարարել են Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Կանադան, Նոր Զելանդիան և Նորվեգիան։ Ավստրալիայի գերագույն դատարանի որոշումը, նշում է Reuters-ը, կարող է արագացնել այլ երկրներում համանման սահմանափակումների ընդունումը։
Civilnet











