Գլխավոր Լրահոս

Արցախը դեմ չէ հանքավայրեր միջազգային մասնագետների մուտքին․ փաստեր vs ադրբեջանական քարոզչություն

Արցախը դեմ չէ հանքավայրեր միջազգային մասնագետների մուտքին․ փաստեր vs ադրբեջանական քարոզչություն

Անի Գրիգորյան, #CivilNetCheck 

Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակած բնապահպան ներկայացող ադրբեջանցիների հիմնական պահանջներից է, որ իրենց մասնագետները հնարավորություն ստանան մուտք գործել Ղարաբաղում գործող հանքեր։ 

Դեկտեմբերի 10-ին մի խումբ ադրբեջանցիներ փորձեցին մտնել Կաշենի հանքավայր՝ Արցախի հյուսիսում, սակայն հանքի անվտանգությունն ու հարակից համայնքների բնակիչները թույլ չտվեցին, ինչից հետո նրանք հեռացան։ Մյուս օրը՝ դեկտեմբերի 11-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա հղեց Ռուսաստանին՝ պահանջելով «պահպանել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները և ապահովել ադրբեջանցի մասնագետների մուտքը հանքեր»։ 

Դեկտեմբերի 12-ի առավոտից չակերտավոր բնապահպանները, փակելով Լաչինի միջանցքը, պահանջում են իրենց մասնագետների մուտքը հանքեր։

Ինչ են ասում Արցախում

Դեկտեմբերի 14-ին Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ ռուսական կողմը զգուշացրել էր, որ ադրբեջանցիները գալու են Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ 

«Իրենք զգուշացրել էին դրա մասին, ուղղակի տպավորություն կար, որ դա պետք է լիներ օֆիցիալ նամակով և պետք է կազմակերպված լիներ ուրիշ ձև։ Ադրբեջանական կողմը խախտել է այն պայմանավորվածությունները, որ մենք գիտեինք՝ ռուսական կողմի հետ որոշված էր»,- հայտարարել է Վարդանյանը։ 

Դեռ դեկտեմբերի 12-ին Վարդանյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը պատրաստ է քննարկել բնապահպանական հարցեր, ինչպես նաև հրավիրել միջազգային բնապահպանական փորձագիտական ​​խումբ, այդ թվում ադրբեջանցի բնապահպանների մասնակցությամբ։

Դեկտեմբերի 14-ին ռուսական «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Վարդանյանը հաստատել էր Լեռնային Ղարաբաղի պատրաստակամությունը ապահովելու միջազգային անկախ փորձագետների մուտքը հանքեր։ 

«Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր բնապահպանական խնդիր կարևոր է և մեծ հաճույքով պատրաստ ենք քննարկել և գտնել լուծումների ուղիներ, որպեսզի և՛ մեզ, և՛ հարևաններին լավ լինի։ Եվ կարծում եմ՝ միջազգային փորձագետներն ու բնապահպանները կլինեն լավագույն լուծումը, նաև՝ հայկական կողմի մասնակցությամբ»,- հայտարարել է Վարդանյանը։ 

Ռուբեն Վարդանյանը, սակայն, տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը որևէ կերպ կապի դուրս չի գալիս։ 

Արցախը դեմ չէ համատեղ քննարկումներին, նախադեպն առկա է

Հատկանշական է, որ Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների միջև բնապահպանական հարցերի շուրջ շփումների և անգամ հանդիպումների նախադեպ արդեն իսկ կա։ 

Այսպես, այս տարվա օգոստոսի 24-ին Արցախի տեղեկատվական շտաբը հաստատել էր ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցները Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ այցելել են Սարսանգի ջրամբար։ 

«[...] Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս 2021-ից շփվում են ադրբեջանական կողմի հետ և պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ՝ Հանրապետության մի շարք համայնքներին (այդ թվում՝ Ստեփանակերտին) մատակարարվող խմելու և ոռոգման ջրերի օգտագործման շուրջ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու և խնդիրների կարգավորման համար»,- գրել էր շտաբը՝ հավելելով, որ այդ շրջանակում հերթական հանդիպումը կազմակերպվել էր Սարսանգի ջրամբարի մոտ՝ Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով: 

Այսպիսով, Արցախի իշխանությունը արգելում է ոչ թե ադրբեջանցի մասնագետների մուտքը հանքեր, այլ պահանջում է, որ դրան մասնակից լինեն ինչպես հայ, այնպես էլ միջազգային մասնագետները։ Ավելին, փաստացի, վերջին երկու տարում ադրբեջանցի և հայ մասնագետները համատեղ քննարկումներ և հանդիպումներ իրականացվել են, որը հաստատել են երկու կողմերը։  

Ադրբեջանը Արցախում բնապահպանական խնդիրների մասին սկսեց բարձրաձայնել դեկտեմբերի սկզբից։ Դեկտեմբերի 3-ին բնապահպանական խնդիրների պատճառաբանությամբ շուրջ երկու տասնյակ ադրբեջանցիներ փակել էին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, և միայն երեք ժամ անց բանակցությունների արդյունքում բացեցին այն։ Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի կառավարությունը հայտնեց, որ  Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ ունեցած բանակցությունների համաձայն՝ դեկտեմբերի 10-ից ստուգումներ են սկսում Մարտակերտի շրջանում գտնվող Կաշեն և Դրմբոն (Գըզըլբուլագի և Դեմիրլիի) հանքավայրերում։ 

Դեկտեմբերի 12-ից արդեն հարյուրավոր ադրբեջանցիներ փակեցին Լաչինի միջանցքը՝ պահանջելով դադարեցնել Ղարաբաղում «էկոտեռորը»՝ օգտակար հանածոների «ապօրինի օգտագործումը» և հանքերի շահագործումը։ 

ՍիվիլՆեթը օրեր առաջ պարզել է, որ Ալիևի կառավարությունը վերջերս Կաշենի հանքավայրի շահագործման լիցենզիան վաճառել է բրիտանական Anglo Asian Mining ընկերությանը։ 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում