Գլխավոր Լրահոս

Որքան են եղել պաշտպանական ծախսերը 2022-ին․ Քրիստինե Վարդանյանը սխալ տվյալներ է ներկայացնում

Որքան են եղել պաշտպանական ծախսերը 2022-ին․ Քրիստինե Վարդանյանը սխալ տվյալներ է ներկայացնում

Անի Գրիգորյան, #CivilNetCheck  

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Քրիստինե Վարդանյանը հունվարի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պնելով, թե 2022-ին պաշտպանության գծով ծախսերը 190 մլրդ դրամով թերակատարվել են։ Վարդանյանի ներկայացրած թիվը սխալ է։ Թեև 2022-ին Հայաստանի պաշտպանական բյուջեն ամբողջությամբ կատարվել է և անգամ նախատեսվածից ավելի շատ գումար է հատկացվել պաշտպանությանը, սակայն կատարված ծախսերն ու դրանց արդյունավետությունը լուրջ հարցեր են առաջացնում հանրության մոտ հատկապես հունվարի 19-ի ողբերգական դեպքից հետո։

Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Պաշտպանության ոլորտի համար հատկացված 360 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 170 մլրդ դրամը։ Այսինքն՝ նորմալ, անվտանգ զորամասեր, զինանոցներ, դիրքեր, կացարաններ սարքելու համար կա ամեն ինչ, անգամ կա դրա համար հատկացված գումար, բայց չկա դրա հրամանը»։ 

Վարդանյանը որպես ապացույց տեղադրել է կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակի ինտերակտիվ բյուջե բաժնից էկրանապատկեր (սքրինշոթ)։

Մինչդեռ, երբ բացում ենք համապատասխան բաժինը, նշված է, որ դա 2023-ի բյուջեն է, համապատասխանում են բոլոր տվյալները։ 

Սակայն սա չի նշանակում, որ այս թվերն արտացոլում են 2023-ի տվյալները։ Ինչպես բազմիցս խոսվել է, 2023-ին պաշտպանական բյուջեն նախատեսվել է ավելի քան 512,6 մլրդ դրամ, իսկ գծապատկերում նշված է շուրջ 367 մլրդ, որը մոտ է 2022-ի պաշտպանական բյուջեի նախնական տվյալներին։ 

Տվյալների անհամապատասխանությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ֆինանսների նախարարության հետ։ 

Գերատեսչության ներկայացուցիչները, ստուգելով e-gov.am-ի տվյալները, նշեցին, որ այդ ցուցանիշները թարմացված չեն և չեն պատկերում իրականությունը։ 

Աշխատակիցը նշեց, որ բյուջեի վերաբերյալ ամենաթարմ տվյալներն առկա են ֆինանսների նախարարության պաշտոնական՝ minfin.am կայքի ինտերակտիվ բյուջե բաժնի աղյուսակ հատվածում։

Այստեղ ընտրելով պաշտպանության նախարարության կողմից 2022-ին պաշտպանության ոլորտում կատարված ծախսերը, պարզում ենք, որ նախորդի տարի պաշտպանության բյուջեի տարեկան ճշտված պլանը կազմել է 477,9 մլրդ դրամ։ Ծախսվել է 477,3 մլրդ-ը, այսինքն՝ կատարողականը 100 տոկոս է։ 

Ֆինանսների նախարարությունից հայտնում են՝ որպես ելակետ անհրաժեշտ է այս տվյալները վերցնել։ 

Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեք զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Լրագրողները այցելել էին վաշտի կացարանի վայր։ Զինվորների կեցավայրի պայմանները հանրության մոտ մեծ դժգոհության և զայրույթի պատճառ են դարձել։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում