Գլխավոր Լրահոս

Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը նպաստած արտաքին և ներքին գործոնները

Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը նպաստած արտաքին և ներքին գործոնները

Փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրեց որոշում Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին:  Սա երկար ակնկալվող որոշում էր, որը վերջ դրեց Արցախում մեկ ամսից ավել տևած ներիշխանական պայքարին: Արցախի նոր պետնախարար է դառնալու գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:

Արայիկ Հարությունյանի այս որոշումից հետո հայաստանյան լրատվական դաշտը ողողված է Վարդանյանի պաշտոնանկությունը բացատրող  տարատեսակ վարկածներով, որոնց մեջ առավել մեծ տարածում են ստացել արտաքին ճնշման վրա շեշտադրում անող մեկնաբանությունները: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ տվյալ պարագայում գործ ունենք մի քանի գործոնների հետ, որոնց ամբողջությունն էլ պատճառ է դարձել Վարդանյանի պաշտոնանկության համար: 

Արտաքին գործոնների անդրադառնալիս անհնար է անտեսել Ադրբեջանի ճնշումը: Բաքուն պետնախարարի պաշտոնում Վարդանյանի նշանակման առաջին օրվանից խիստ բացասական վերաբերմունք ուներ նրա նկատմամբ: Վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ միջազգային հարթակներում, ինչպես նաև իրենց օտարերկրյա գործընկերների հանդիպումներում Ռուբեն Վարդանյանի գործունեության վերաբերյալ բողոքներ են հնչեցրել: 

Մեծ հաշվով ադրբեջանական կողմը Վարդանյանի ազատումը պաշտոնից դարձրել էր նախապայման Լաչինի միջանցի բացման շուրջ բանակցությունների վերսկսման համար: Այս դիրքորոշման հիմնական պատճառը, ամենայն հավանականությամբ, այն է, որ Բաքվի մոտ իրոք կար ընկալում, որ Վարդանյանին Լեռնային Ղարաբաղ են ուղարկել Մոսկվայից Ադրբեջանի դեմ որոշակի գործողություններ իրականացնելու համար: Այդ առումով պատահական չէ, որ Վարդանյանի պաշտոնանկությունից անմիջապես հետո կողմերի միջև Լաչինի միջանցքի ճգնաժամի շուրջ բանակցությունները վերսկսվեցին: 

Բարդ էին Ռուբեն Վարդանյանի հարաբարերությունները նաև Հայաստանի իշխանությունների հետ: Երևանում ևս կար ընկալում, որ Վարդանյանին Արցախ են ուղարկել Ռուսաստանից: Բացի այդ, Վարդանյանի ներքաղաքական ակտիվությունը Հայաստանում նպաստում էր իշխանությունների կողմից նրա նկատմամբ զգուշավոր մոտեցման առկայությանը: Վարդանյանը իր հերթին վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի իշխանությունների վերաբերյալ անհաջող հայտարարություններ էր արել` խորացնելով իր նկատմամբ առկա կասկածները: 

Չնայած հայաստանյան ու արցախյան ընդդիմադիր գործիչների պնդումները, թե Հարությունյանը Վարդանյանին ազատել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով, հեռու են իրականությունից, այդուհանդերձ, Վարդանյանի գործոնի պատճառով Երևանի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացումը կարող էր դեր խաղալ Արցախի նախագահի որոշման մեջ: 

Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը նպաստել են նաև մի շարք ներքին գործոններ, որոնցից մեկը ներքաղաքական հակասություններն են Արայիկ Հարությունյանի ու Վարդանյանի միջև: Պետնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Վարդանյանը սկսեց քաղաքական ազդեցություն ձեռք բերել Արցախում: Հարությունյանի թիմակիցներից որոշ ազդեցիկ գործիչներ անցան Վարդանյանի ճամբար: Այս միտումը չէր կարող մտահագություն չառաջացնել Հարությունյանի ու իր թիմի մոտ: Այդ առումով Վարդանյանի հեռացման որոշումը, անշուշտ, նաև ներքաղաքական շարժառիթներ ուներ: 

Ներքին պատճառներից պետք է նաև առանձնացնել Արցախի որոշ իշխանական խմբերի մոտ ձևավորված դժգոհությունը Ռուբեն Վարդանյանի կառավարչական մեթոդների ու կադրային քաղաքականության նկատմամբ: Վարդանյանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով այդպես էլ չկարողացավ ձևավորել տեխնոկրատ կառավարություն: Նոր նշանակված նախարարներից քչերն էին աչքի ընկնում իրենց պրոֆեսիոնալ  հատկանիշներով: Ավելին, նոր կառավարության դերն ու ազդեցությունը նսեմացվում էր Վարդանյանի խորհրդականների թիմի չափազանց մեծ ազդեցությամբ որոշումների կայացման գործընթացում: 

Պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության պատճառների մասին խոսելիս պետք է հաշվի առնել այս ներքին և արտաքին գործոնների ամբողջությունը: 

Թե Հայաստանում, թե արտերկրում հստակ ընկալում է ձևավորվել, որ Ադրբեջանի ճնշումը առանցքային դեր է ունեցել Վարդանյանին պաշտոնից ազատելու` Արայիկ Հարությունյանի որոշման մեջ: Այնուամենայնիվ, պետք է արաձանագրել, որ առանց մյուս գործոնների Բաքվի ճնշումը կարող էր բավարար չլինել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում