Գլխավոր Լրահոս

Երևանից ու Ստեփանակերտից մեկուսացած գյուղերում ամենահուզող հարցը բուժօգնությունն է 

Երևանից ու Ստեփանակերտից մեկուսացած գյուղերում ամենահուզող հարցը բուժօգնությունն է 

«Գյուղի բուժքույրն է Հայաստանի Հանրապետությունում մնացել ու չի կարողանում վերադառնալ»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի դպրոցի ուսուցիչ Սամվել Թավադյանը:   

Շուշիի մյուս կողմում գտնվող Եղցահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքները 2022-ի դեկտեմբերի 12-ից կտրվել էին ամբողջ Արցախից, սակայն ցամաքային կապ ունեին Հայաստանի Հանրապետության հետ: 

Ադրբեջանի կողմից երեկ՝ ապրիլի 23-ին, Լաչինի միջանցքում Հայաստանի սահմանին անցակետ տեղադրելուց հետո, այս չորս գյուղերը հայտնվել են հավելյալ շրջափակման մեջ: Այդ համայնքները կտրված են ոչ միայն Երևանից, այլև Ստեփանակերտից: 

Թավադյանն ասաց, որ իր աշակերտներից նույնպես Հայաստանում են մնացել ու չեն կարողանում վերադառնալ, բայց ամենամտահոգիչն այն է, որ գյուղը մնացել է առանց բուժքույրի: 

Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանն ասաց, որ բուժծառայության խնդիրը, իրոք, ամենահուզողն է. «Սնունդ կա, դեռ նման խնդիրներ չունենք: Օրինակ, նորածին երեխաներ ունենք, Աստված մի արասցե, մի բան լինի, պետք է կարողանանք շուտ հիվանդանոց հասցնել»: 

ԼՐԱՑՈՒՄ
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ նշելով, որ անձամբ կապի մեջ է Շրջանի վարչակազմի և համայնքների ղեկավարների հետ։ «Հիշյալ համայնքներից շտապ օգնության մեքենաների շարժը դեպի Հայաստանի Հանրապետություն և մեր քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար դիմել եմ ռուսական խաղաղապահ ուժերին, որի կապակցությամբ վաղը կոնկրետ քայլեր կձեռնարկվեն և, հուսով եմ, կունենանք այդ և մյուս խնդիրների լուծումներ»,- գրել է նա։

Կարդացե՛ք նաև՝ «Մեծ Շեն․ հայկական կղզյակ՝ Շուշիի շրջանում»

***

Ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հայաստանի սահմանին մոտ և ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում՝ Հակարի գետի կամրջին կից, իր հսկիչ-անցագրային կետն է տեղադրել։

Բաքուն հայտարարել է, որ անցագրային վերահսկողությունը կիրականացվի ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ։

Հայաստանը Ռուսաստանին կոչ է արել «ի վերջո կատարել ստանձնած պարտավորությունը»։

Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, հատկապես՝ Ռուսաստանին՝ «ամենակարճ ժամկետում ակնկալելով գործուն քայլեր»։

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների ազատ ելումուտը։ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Ֆրանսիան ևս Ադրբեջանին կոչ է արել կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կիրառել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են (վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով)։

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում